Բրիտանական խորհրդարանի Համայնքներիի պալատի խոսնակ Ջոն Բերքոուն սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ խորհրդարանը չորեքշաբթի կվերսկսի իր աշխատանքը ժամանակավոր դադարից հետո: Ելույթ ունենալով Sky News-ի հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ Բերքոուն ասել է, որ միջոցներ է ձեռնարկել, որ պալատի հաջորդ նիստն սկսվի սեպտեմբերի 25-ին տեղական ժամանակով 11:30-ին (Երևանի ժամանակով 14:30-ին):
«Ես հրահանգել եմ Համայնքների պալատի պատասխանատու անձանց անհրաժեշտ ամեն ինչ անել, որ վաղը պալատի նիստը կայանա 11:30-ին: Ես կապվել եմ կուսակցությունների ղեկավարների հետ, և եթե նման հնարավորություն չի եղել, կուսակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց տեղեկացնեմ իմ տեսակետի մասին»,-հավելել է Բերքոուն:
Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կոչ է արել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ հրաժարական տալ: Ջոնսոնի հրաժարականն են պահանջել նաև ընդդիմադիր այլ կուսակցությունների, այդ թվում՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության և «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչները։