fbpx
Կրթություն

Հայտնի են դարձել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդները

Հայտնի են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած հավակնորդների անունները: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է փետրվարի 22-ին: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներն արդեն ուսումնասիրել են հավակնորդների ներկայացրած փաստաթղթերը, թե դրանք ինչքանով են համապատասխանում ներկայացվող պահանջներին:

Այս ուսումնասիրություններից հետո միայն հավակնորդները կճանաչվեն թեկնածուներ: Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 15-ին բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական ներկայացրեց:
Հավակնորդների փաստաթղթերի ուսումնասիրմանը ներկա էին հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից 8-ը: Նախագահ Լևոն Բարսեղյանը նախ ստուգեց հայտերի ընդունման գրանցամատյանը, որից հետո հայտարարեց, որ հավակնորդները 4-ն են, և վերջին 3 օրերին էին  փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացրել: Հավակնորդների փաստաթղթերի փաթեթները բացվեցին հայտերի ընդունման հաջորդականությամբ:

Մրցույթի մասնակցության առաջին հայտը ներկայացրել էր Եվրասիական միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության, Բրյուսովի անվան համալսարանի անգլիական  ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը: Նա ութ տարի նաև դասախոսել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտում: Բանասիրական գիտությունների դոկտոր Լուսինե Ֆլջյանի բոլոր փաստաթղթերը համապատասխանում էին թեկնածուներին ներկայացված պահանջներին և առանց քննարկման ընդունվեցին:

Հաջորդը բացվեց Շիրակի պետական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյանի փաստաթղթերի փաթեթը: Նա ունի դասախոսի  առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, իսկ թե հանրային կառավարման գործունեությունը համապատասխանո՞ւմ էր մրցույթի չափորոշիչներին, թե՞ ոչ, հիմնավորում պահանջվեց  իրավաբանից, ով փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո տվեց դրական եզրակացություն:

Մինչ հաջորդ երկու հայտերի ուսումնասիրությանն անցնելը, հոգաբարձուների խորհրդի քարտուղարը ներկաներին փոխանցեց հավակնորդների պահանջը, որը վերաբերում էր նրանց ներկայացրած բուհի զարգացման հայեցակարգի փաթեթներին: Բանն այն է, որ հավակնորդները պահանջել էին, որ եթե ներկայացված փաստաթղթերը չհամապատասխանեն մրցույթի պահանջներին, ապա իրենց հայեցակարգային փաստաթղթերի փաթեթները չբացվեն։ Խնդրանքն ընդունվեց, և քննարկման դրվեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Ավետիսյանի փաստաթղթերի փաթեթը: Պարզվեց, որ հավակնորդը վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության ոլորտում 5 տարվա վարչական աշխատանքի փորձի պահանջին չի համապատասխանում:

Նույն խնդիրը կար նաև այս բուհի ավագ դպրոցի փոխտնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ և դասախոս Մանուշակ Կարապետյանի դեպքում:Պարզվեց՝ ավագ դպրոցի փոխտնօրենի աշխատանքը հանրային կառավարում չի համարվում, իսկ օրենքի մեկնաբանությունը ստանալու համար հոգաբարձուների խորհրդի նախագահը զանգահարեց նաև Կրթության ու գիտության նախարարության իրավաբանին, ով փոխանցեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթներով Մանուշակ Ավետիսյանի աշխատանքային ստաժը  վարչական աշխատանք չի համարվում:

Մանուշակ Կարապետյանը կհամարվի՞ ռեկտորի թեկնածու, թե՞ ոչ, կորոշվի մրցույթի անցկացման օրը ՝ մարտի 2-ին: Մինչ այդ, հոգաբարձուների խորհրդի նախագահը գրությամբ դիմելու է  Կրթության և գիտության նախարարություն: Իսկ ռեկտոր կընտրվի այն թեկնածուն, ով փակ և գաղտնի քվեարկությամբ կստանա խորհրդի 24 անդամների ձայների կեսից ավելին:

Աղբյուր՝ https://www.shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ