«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի ժյուրին ընտրել է այն 12 մասնակիցներին, ովքեր հնարավորություն կստանան նախագծի շրջանակներում պայքարել 2020 թվականին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար: Այս մասին հաղորում են Հանրային հեռուստաընկերությունից:
Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ, որոշում է կայացրել անցկացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն և հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։
Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մասնակցության 53 վավեր հայտ (հայտարարված վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվել): Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին: Հայտերը դիտարկելիս հաշվի են առնվել մրցույթի կանոնակարգով սահմանված չափանիշները. ներկայացված հայտի համապատասխանությունը մրցույթի կանոններին և ժամկետներին, երգի համապատասխանությունը մրցույթի ձևաչափին, ժանրային ևև կերպարային բազմազանությունը։ Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել՝ Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը և Անուշ Տեր-Ղուկասյանը։
Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ մասնակիցները ՝ Աթենա Մանուկյան, TOKIONINE, ERNA, Միրիամ Բաղդասարյան, Agop, Կարինա EVN, Վլադիմիր Արզումանյան, Հայկ Music, Արթուր Ալեք, Գաբրիել Ջիգ, EVA Rida, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովներ:
Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն հաջորդ շաբաթ՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան էջում։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 15-ին ՝ ժամը 22:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում։