Itel.am-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 23-ին Դիլիջանում կայացել է սոցիալական ձեռներեցների SAP UP մրցույթի եզրափակիչը, որի շրջանակում մրցել է 11 ստարտափ:
Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցույթի հաղթող է դարձել Special Parents for Special Kids ստարտափը` արժանանալով 2 մլն դրամ մրցանակի։ Ստարտափի նպատակն է մանկական հաստատություններում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար ստեղծել ադապտացվող կահույք: Ստարտափը պատրաստվում է ստացած գումարը ծախսել արտադրություն սկսելու համար և պրոդուկտը տարածել Հայաստանի մարզերում:
Հատուկ մրցանակի է արժանացել BOO BIKES: bike shop-café ստարտափը, որը ստացած 1 մլն դրամ մրցանակը կծախսի հեծանվորդների համար տարածքներ և սրճարաններ ստեղծելու համար։
Երկրորդ հորիզոնականը կիսել են noomee և InclusiveGym ստարտափները, որոնք սոցիալական ձեռներեցության ոլորտի փորձագետներից խորհրդատվություն և գիտելիքներ ստանալու նպատակով կմեկնեն Եվրոպա՝ շրջայցի:
Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացնել 60-ից ավելի ստարտափ Հայաստանի 30 քաղաքից։
«4 տարիների ընթացքում SAP UP մրցույթը տեղական նախաձեռնությունից վերածվեց միջազգային մրցույթի, որն ուշադրություն է դարձնում Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում ևՂազախստանում կարեւոր խնդիրներ լուծող նախագծերի վրա։ Մենք հավատում ենք, որ Հայաստանում SAP UP-ը կարող է դառնալ սոցիալական ձեռներեցությունը, գիտելիքների լավագույն պրակտիկայի փոխանակումը զարգացնելու արդյունավետ հարթակ»,- նշել է Հայաստանում SAP-ի գործադիր տնօրեն Իլյա Շուլիպինը։
Հավելենք, որ SAP ընկերության կողմից կազմակերպվող մրցույթն անց է կացվում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: 2015թ.-ից մինչ օրս մրցույթին մասնակցել է ավելի քան 1500 նախագիծ:
SAP-ը Գերմանիայում տեղակայված անդրազգային ընկերություն է, որը ներկայացնում է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված համակարգ:
Ընկերությունն օգնում է տարբեր չափերի և ուղղության կազմակերպություններին արդյունավետ կառավարել իրենց բիզնեսը: SAP-ի լուծումներից այսօր օգտվում է ավելի քան 378 հազ. հաճախորդ:
