HBO-ն պատրաստվում է «Հարի Փոթերի» հեռուստատեսային վերագործարկմանը
Ֆիլմաշարի ավարտից տասնհինգ տարի անց HBO-ն պատրաստվում է թողարկել Ջ․ Կ․ Ռոուլինգի գրական ստեղծագործությունների վրա հիմնված մասշտաբային հեռուստասերիալը։ Մինչև սպասվող դեկտեմբերյան պրեմիերան, ընկերության ղեկավարությունը բարձր է գնահատել նախագծի առաջին եթերաշրջանը։ Ինչպես հաղորդում է Inside the Magic-ը, HBO-ի և Max-ի բովանդակության ղեկավար Քեյսի Բլոյսը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտնել է, որ արդեն դիտել է առաջին եթերաշրջանն ամբողջությամբ և չափազանց գոհ է արդյունքներից:
Նոր ադապտացիան նպատակ ունի առավել ընդարձակ կերպով ներկայացնել գրքերի սյուժեն՝ վերականգնելով կինոֆիլմերից դուրս մնացած գծերը և մանրամասնելով հերոսների նախապատմությունները։ Հարիի, Հերմիոնայի և Ռոնի դերերում հանդես են գալիս Դոմինիկ ՄաքԼաֆլինը, Արաբելա Սթենթոնը և Ալասթեր Սթաուտը։ Մեծահասակների կազմում ընդգրկված են Ջոն Լիթգոուն (Ամբլդոր), Ջանեթ ՄքԹիրը (ՄաքԳոնագալ), Պաապա Սիեդուն (Սնեյփ) և Նիկ Ֆրոթսը (Հագրիդ):
Գրքային մանրամասներն ու 1990-ականների ոճը
Վաղ կադրերն ու արտադրական տվյալները վկայում են սերիալը ֆիլմերից տարբերելու միտումնավոր ջանքերի մասին։ Գործողությունները տեղափոխվել են 1990-ականներ՝ օգտագործելով ժամանակաշրջանին բնորոշ հագուստ և ոճավորում։ Թրեյլերներում ցուցադրվել են տեսարաններ, որոնք բաց էին թողնվել կամ սեղմվել ֆիլմերում, այդ թվում՝ Հարիի և Դադլիի բախումը և ուղևորությունը Լոնդոնի մետրոպոլիտենով։ Հոգվարթսը նույնպես վերանախագծվել է՝ ներառելով նոր ջերմոցներ և ընդունելության սրահներ:
Հակասություններ և հետագա պլաններ
Չնայած ղեկավարության դրական գնահատականներին, նախագիծն արժանացել է հակասական արձագանքների։ Երկրպագուների մի մասը կասկածի տակ է դնում սիրված ֆիլմաշարի վերանկարահանման նպատակահարմարությունը։ Բացի այդ, դերասանական ընտրությունը, մասնավորապես՝ Պաապա Սիեդուի մասնակցությունը Սնեյփի դերում, առաջացրել է սուր քննադատություն։ Այնուամենայնիվ, HBO-ն արդեն սկսել է երկրորդ եթերաշրջանի աշխատանքները, թեպետ ղեկավարությունը հայտարարել է, որ հաջորդ եթերաշրջանը հնարավոր է չթողարկվի ամեն տարի:

