Ինձ համար դժվար էր գրիչս ձեռքս վերցնել ու անցյալով գրել մանկությանս ընկերոջ մասին։ Ինչպես գիտակցել, որ նա իր կյանքը զոհեց հանուն իմ կյանքի, և որ էլ չեմ տեսնելու Հայկիս բարի, սև ու ժպտուն աչքերը։
Բարի, թասիբով, խաղաղասեր, ընկերներին ու ընտանիքին նվիրված Ղազարյանը Հայկը իմ դասընկերն էր, ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 2-ին Արթիկում։
Իրենց ընտանիքում 5 երեխա են՝ երկու քույր և երեք եղբայր։ Հայկը տան փոքրն էր, և իրեն յուրահատուկ ուշադրություն ու սեր են նվիրել ընտանիքի անդամները։ Հայկի մեծ եղբայրը՝ Մանվելը, պատմում է Հայկը շատ չար չէր, բայց աշխույժ էր փոքր տարիքում։
«Հիշում եմ փոքր ժամանակ մինչև մամաս հագցնում էր շորերը, որ իջնի բակ, Հայկն արդեն կեղտոտում էր»,- պատմում է Մանվելը։
Հայկը շատ նվիրված էր ընտանիքին ու ընկերներին, երբեք չէր նեղացնի ոչ մեկին։ Ինքը շատ նեղացկոտ էր, բայց հաջորդ վայրկյանին մոռանում էր կատարվածը։
Քույրը՝ Նարինեն ընգծում է Հայկը փոքր տարիքից շատ անվախ էր։ «Մի անգամ գնացել էինք մեր հողամաս՝ գործ անելու, Հայկիս տարել էինք հետներս, ինքը խելոք նստած էր, մենք էլ գործ էինք անում։ Մեկ էլ տեսնենք ինչ-որ բանով խաղում է, մեկ էլ ձայն տվեց, մա՜մ, տես՝ ինչ մեծ ճիճու եմ բռնել։ Մոտենանք, տեսնենք՝ փոքր օձ է բռնել ու հետը խաղում է»,- ժպիտով, բայց թախծոտ աչքերով հիշում է Նարինեն։
Եղբայրը՝ Մանվելը, հիշում է, երբ առաջին անգամ գնացել է դպրոց, եկել է տանն ասել է, որ չի ուզում այլևս գնալ, բոլոր ընկերները աղջիկներ են։ «Հաջորդ օրը համոզեցինք տարանք դպրոց, ոգևորված եկավ ու ասաց, գիտեք մի տղա էր եկել՝ Կարենը, հետը ընկերացել եմ արդեն ուզում են գնալ դպրոց»,- հիշում է Մանվելը։
Կարենը ևս զոհեց կյանքը հանուն հայրենիքի։ Դպրոցական բոլոր նկարներում Հայկն ու Կարենը իրար կողք են, ու միասին էլ կյանքի գնով պայքարեցին հանուն հայրենիքի։
Հայկը հաճախել է նկարչական դպրոց և գնացել ֆուտբոլի պարապմունքների։ Մանվելը հիշում է Հայկի նկարը ցուցահանդեսներից մեկի ժամանակ հյուրերը շատ են հավանել ու իրենց հետ տարել։
Եղբայրն ընդծում է Հայկի համար առաջնայինը ընկերներն էին, հետո ընտանիքը։
Ընկերները բոլորն են Հայկի մասին խոսելիս նշում նրա նվիրված ու իսկական ընկեր լինելու մասին։ Ռազմիկը Հայկի մանկության ընկերն է, երեք տարեկանից ընկերություն են արել։ «Որպես մարդ Հայկը շատ հանգիստ էր, հավասարակշռված, հասուն մտածելակերպով տղա էր, նվիրված էր ընտանիքին ու ընկերներին»,- ընկերոջ մասին հիացմունքով պատմում է Ռազմիկը։
Ռազմիկը հիշում է իրենց միակ «հանցագործությունը»՝ շենքի կողքի այգուց մրգեր գողանալը։ «Մի անգամ էլ հեթական գողության ժամանակ Հայկը ընկավ ու ձեռքը կոտրեց, բայց մենք ընկերներով մինչև մերջ համոզում էինք, որ բան չի եղել»,- հիշում է Ռազմիկը։
Ընկերը ընդգծում է Հայկին կարելի էր ամեն գործ վստահել, գիտեին՝ պատվով կանի։
Դպրոցում Հայկը եղել է խելոք ու պարտաճանաչ աշակերտ։ Ինը տարի սովորել է Արթիկի 4 հիմնական դպրոցում, հետո հաճախել 3 ավագ դպրոց։ Մարիամը Հայկի հետ սովորել է հիմնական դպրոցում, հիշում է Հայկը դասարանի ուրախությունն էր, դասարանի անվերջանալի կռիվները ավարտվում էին Հայկի միջամտությամբ։
«Հայկի ծնունդին գնացել էինք իրենց տուն, ուզեցինք տորթ քսել դեմքին, Հայկը բացեց տան դուռն ու վազեց դուրս, մենք էլ բոլորվ հետևից։ Դասընկերուհիս՝ Լիլիթը, ընկավ ու ատամը ջարդվեց, այնքան ծիծաղեցինք»,- ժպիտով հիշում է մանկության քաղցր պահերը Մարիամը։
Միլենան ու Մարիամը Հայկի հետ սովորել են ավագ դպրոցում։ Նշում են Հայկը շատ թասիբով էր, հարգված ու լավ մարդ։ «Վերջին զանգի ժամանակ յարխուշտա էինք սովորում պարել, Հայկը առաջինը միանգամից ճիշտ պարեց»,- հիշում է Միլենան։
2019 թվականի հունվարի 11-ին Հայկը զորակոչվել է բանակ։ Վեց ամիս ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում՝ տանկիստի մասնագիտությամբ, հետո տեղափոխել են Մարտունի 3։ Ծառայության վեց ամսիների ընթացքում Հայկը պարգևատրվել է լավ ծառայության համար։
«Երբ ծառայում էր Հոկտեմբերյանում շաբաթը մեկ տուն էր գալիս, ժամը 12-ին հասնում էր տուն, պայուսակը դնում ու գնում՝ ընկերներին տեսնելու։ Ասում էի գոնե արի մի քիչ նստի քեզ կարգին տեսնենք»,- հիշում է եղբայրը՝ Մանվելը։
Ռազմիկը հիշում է գրեթե բոլոր ընկերները բանակ են գնացել 2019 թվականի հունվարին։ «Հայկը բարձր տրամադրությամբ գնաց բանակ, ուրախ էր, որ ընկերների հետ է»,- նշում է ընկերը։
Պատերազմի սկսվելուց երկու օր առաջ Հայկենք բարձրացել են դիրքեր։ Մանվելը հիշում է, Հայկը տուն զանգել է 2-3 օրը մեկ, բայց ընկերների հետ գրեթե ամեն օր խոսել է։ «Որ զանգում էր, իր մոտ խուճապ չկար։ Ինքն էր մեզ հարցնում էդտեղ ինչ են ասում, երբ կավարտի պատերազմը։ Հետը խոսում էինք կողքից կրակոցների ձայն էր լսվում, ասում էր մեր տղեքն են դրանց կրակում»,- հիշում է եղբայրը։
Հայկը տուն զանգելիս ինքն է հետաքրքրվել բոլորով, քրոջ ծննդյան օրն էլ զանգել ու ասել է, որ երեխաներին շատ է կարոտել ուզում է գալ ու տեսնել։
«Մի անգամ էլ մամայիս հետ խոսելիս հոգնած ձայնով է խոսել, մամաս անհանգստացել է, մտածել՝ միգուցե է վիրավոր է։ Հայկը բարկացել է, ասել հոգնած մարդ եմ մի քիչ էլ անհավես եմ խոսել, ինձ հետ բան չի եղել»,- հիշում է եղբայրը։
Հայկը զոհվել է նոյեմբերի 3-ին, իրենց տանկով գնացել են մարտական առաջադրանք կատարելու, գործողությունը հաջողությամբ են կատարել, բայց ետ գալուց հակառաոդի ԱԹՍ-ն հարվածել է իրենց տանկին։
«Ինձ նոյեմբերի 4-ին են ասել Հայկի զոհվելու մասին, զանգեց Հայկի ընկերներից մեկը, ասաց, որ Հայկոն զոհվել է։ Ես չհավատացի, տնից դուրս եկա առավոտ շուտ ու գնացի հորեղբորս տղայի մոտ։ Գնացի, տեսա ու չէի կարողանում խոսել, մի կերպ ինձ հավաքեցի ու ասացի՝
Հայկը զոհվել է»,- հիշում է Մանվելը։
Մանվելը տանը չի ասել եղբոր զոհվելու մասին, քանի դեռ հաստատ չի ճշտել։ Նոյեմբերի 6-7-ին, երբ արդեն հաստատվել է, գտել են եղբոր դին, ասել է մայրիկին։ «Եկա տուն, հա ֆռացի մի սենյակից մյուսը, որ մամայիս ասեմ, էտ պահին հեռուստացույցով պատերազմից կադրեր էին ցույց տալիս, ու ասացի մամային»,- պատմում է Մանվելը։
Հայկի մայրը չի հավատացել, մյուս եղբայրն էլ Հովհաննեսը շատ ծանր է տարել եղբոր կորուստը։
Մանվելը հիշում է Հայկը ասում էր՝ բանակից գամ՝ ատամնատեխնիկ եմ դառնալու։ «Հետո, որ խոսում էինք, ասում էր գամ առևտրով եմ զբաղվելու, ընկերներից մեկի հետ ուզում էր բիզնեսով զբաղվել»,- հիշում Մանվելը։
Եղբայրը հանդիպել է Հայկի հրամանատարի հետ, իմացել՝ եղբորը պարգևատրել են «Արիության մեդալով»։ «Հետո զանգել եմ Հայկիս ընկերներին, խնդրել, որ գտնեն եղբորս իրերից։ Գտել են հեռախոսը, զինվորական գոտին, գլխարկն ու ձմեռային ձեռնոցները»,- նշում է Մանվելը։
Ընկերները ասել են, որ Հայկը շատ նկարներ ուներ, որոնք միշտ պահում էր զինվորական գրքույկի մեջ։ Եղբայրը հիշում է Հայկը ուզում էր մեծ տուն կառուցել, ու միշտ շետել է, որ տան պատուհանները լինելու են մուգ գույնի։
Հայկը մայրիկին ասել էր՝ ես տան փոքրն եմ, Մանվելն ու Մարոն իրար հետ են քույր ու եղբայր, Հովոն ու Նարինեն էլ իրար հետ, իսկ ես կմնամ մենակ, Հայկը մենակ էլ անմահացավ հանուն հայրենիքի․․․․
Հեղինակ՝ Շողիկ Կակոյան