fbpx
Իրավական

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական եւ եթերային քաղաքականության որոշ դրսեւորումների կապակցությամբ:

Ինչպես հայտնում են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից, սույն թվականի դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես` «Ուրվագիծ» եւ «Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը հետեւողականորեն եւ անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին, օգտագործելով քարոզչական եւ մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ հանրային թվային տիրույթում գործելու լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները պարտավորություն են ստանձնել արտացոլել հանրային շահերի բազմազանությունը, ապահովել գաղափարների եւ կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառությունը՛ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները:

Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման տվյալները նաեւ ցույց են տալիս, որ վտանգված է օրենսդրությամբ երաշխավորված «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրական անկախության եւ ազատ գործելու իրավունքը, ակներեւ զգացվում է քաղաքական մեկ ուժի եւ նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի եւ «միջկուսակցական պատերազմների» կողմնակալ մասնակցի, մնալ անաչառ տեղեկատվության եւ նորությունների հեղինակավոր աղբյուր: Հանձնաժողովը համոզված է, որ Հայաստանի յուրաքանչյուր վերգետնյա հեռարձակող գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, որը վեր է կուսակցական եւ անձնական շահերից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ