fbpx
Կառավարություն

Հետևողական քայլերի շնորհիվ կհասնենք անկախ և արդար դատական համակարգի հաստատմանը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք:

Մինչ խորհրդակցությունը վարչապետն այցելել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ ծանոթացել քաղաքացիներին մատուցվող ծառայություններին և դրանց արդյունավետությանը: Նշվել է, որ գրասենյակում ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ: Կենտրոնում մատուցվում են մոտ 100 պետական ծառայություններ, որոնք հետագայում ընդլայնվելու են:

Վարչապետ Փաշինյանը, նշել է, որ Արդարադատության նախարարությունը գործունեության լայն շրջանակ ունի, բայց սովորաբար առաջին հերթին ասոցացվում է դատական, դատաիրավական համակարգի քաղաքականության և օրենսդրության հետ: «Եվ ես ուրախ եմ, որ մենք դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում շատ մեծ թափ ենք հաղորդել: Իհարկե, այդ գործողությունների և բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում և տեսանելի կդառնան, բայց համոզված եմ, որ մենք հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ և արդար դատական համակարգի հաստատմանը: Իհարկե, վերջին շրջանում մենք ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչը, իհարկե, անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի և արդարադատության գաղափարն ինքնին: Եվ այստեղ մենք պետք է ոչ միայն ընթացիկ, այլև երկարաժամկետ մեխանիզմներ ունենանք նման երևույթները ոչ միայն արմատախիլ անելու, այլև, ընդհանրապես, թույլ չտալու համար»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում են նաև բազմաթիվ ծառայություններ, որոնց հետ առնչվում են քաղաքացիները: «Եվ շատ կարևոր է, որ այդ ծառայությունները մատուցվեն բարձր որակով և մաքսիմալ հարմարավետ: Մենք այստեղ այցելելուց առաջ մտանք քաղաքացիների սպասարկման միասնական գրասենյակ: Այդ գրասենյակների գործունեության իմաստը և նպատակն այն է, որ քաղաքացին ստիպված չլինի նույն գործառույթի կամ նույն գործի շրջանակում տասնյակ տեղեր այցելել: Հիմա նման ծառայություններ մատուցվում են տարբեր ոլորտներում: Սոցիալական ապահովության ոլորտում նույնպես այսպիսի ծառայություններ մատուցվում են, և ես հույս ունեմ, որ այս պրակտիկան իրեն կարդարացնի, ու մենք կունենանք այսպիսի ծառայությունների ամբողջական ցանց Հայաստանի Հանրապետությունում: Հիմա մենք քննարկում ենք այս ցանցի զարգացման մի քանի տարբերակներ, սցենարներ և շատ մոտ ենք վերջնական որոշումներ կայացնելուն»,- ասել է վարչապետը:

Վարչապետը խոսքը փոխանցել է նախարար Ռուստամ Բադասյանին, ով ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքը: Նախարարը նախ անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և դրա կառուցվածքին: Նշվել է, որ կոմիտեի շենքն ունենալու է 5500 քմ տարածք: Շինարարական աշխատանքների համար նախատեսվում է ներդնել 2,7 մլրդ դրամ, շինաշխատանքները կտևեն 2,5 տարի: Կոմիտեն կունենա 150 աշխատակից: Նախարարը նշել է, որ կոմիտեն իր գործունեությունը կսկսի ավելի վաղ՝ ժամանակավոր այլ վայրում: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ կոմիտեի ղեկավարն ընտրվելու է մրցութային ընթացակարգով:

Այնուհետև նախարարն անդրադարձել է Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքներին, դատական համակարգը նոր դատավորներով համալրելու ուղղությամբ տարվող միջոցառումներին, արբիտրաժի ինստիտուտի բարեփոխումներին, որոնց արդյունքում ակնկալվում է էապես բեռնաթափել դատական համակարգը: Նշվել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում դատարաններում գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի թիվը 2018 թվականի 172 հազարից 2019-ին կազմել է 108 հազար, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 47 հազար: Ակնկալվում է, որ ոլորտում բարեփոխումներին նոր ազդակ հաղորդելուն կնպաստի նաև Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը, որի աշխատանքները ևս ընթացքի մեջ են: Դրա արդյունքում վեճերը կքննվեն առավել արդյունավետ, սեղմ ժամկետներում և օն-լայն ձևաչափով:

Պատասխանատուները զեկուցել են էլեկտրոնային արդարադատության, Պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքի մասին: Նշվել է, որ Պարեկային ծառայության համակարգում ընդգրկվելու նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցելու նախնական հայտերի թիվը գերազանցել է 2 հազար 5 հարյուրը, նրանցից 770-ի հետ, որոնք անցել են եռափուլ ստուգումը, կնքվել է պայմանագիր. միայն 1/3-ն է ոստիկանության համակարգի գործող ծառայող: Դասընթացներն անցկացնում են միջազգային վերապատրաստում անցած մասնագետներ:

Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի բարելավմանը, քրեակատարողական համակարգում նոր սննդակարգի ներդրման աշխատանքներին, որի արդյունքում դատապարտյալները և կալանավորներն ապահովվել են բարձրորակ սննդով, ՔԿՀ-ները ժամանակակից սարքավորումներով համալրելուն: Ըստ պատասխանատուների՝ վերջինս նպաստում է կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Զեկուցվել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում իրականացվող բարեփոխումների մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ