Մոսկվայում կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ապրիլի 4-ին ստորագրվել է «ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության կոմիտեի և Զբոսաշրջության դաշնային գործակալության (ՌԴ) միջև 2019-2021թթ․համատեղ գործողությունների ծրագիրը»: Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը և Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոնյուշկովը։
Ծրագիրը միտված է ամրապնդել բարեկամական կապերը երկու պետությունների ժողովուրդների միջև և նպաստել երկու երկրների տնտեսական զարգացմանը և զբոսաշրջային ներուժի աճին։ 2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագրի նպատակներից է Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զբոսաշրջային փոխայցելությունների հետ կապված ընթացակարգերի դյուրացումը, հայաստանյան և ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջև կապերի հաստատումը: Նախատեսվում է զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված փորձագետների և լրագրողների, ինչպես նաև կադրերի պատրաստման բնագավառում տեղեկատվության և փորձագետների փոխանակում, կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացում և համատեղ կրթական ծրագրերի իրականացում, ներդրումներ իրականացնող հայաստանյան և ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջև համագործակցության զարգացում:
Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի առողջարանային և վերականգնողական ծառայություններ մատուցող առողջարանների և հյուրանոցների մեծ ներուժը և ցանկանալով նպաստել առողջարանային զբոսաշրջության զարգացմանն ու առողջարանների որակի բարձրացմանը, միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմին տրամադրել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի առողջարանային-վերականգնողական կազմակերպությունների վերաբերյալ։