fbpx
Իրավական

Խնդրագիր նախագահին՝ Միսակ Լազարյանին ՀՀ կեցության իրավունք շնորհել համար

Էրիկ Դայանը Change.org կայքում խնդրագիր է ստեղծել, (որին արդեն միացել են 43 հոգի) և բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Դիմումում մասնավորապես ասվում  է.

«Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին

Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հայ հասարակությունը՝ ի դեմս ՀՀ քաղաքացիների և Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցների, դիմում է Ձեզ խնդրանքով՝ ցուցաբերել մարդասիրական կամք որպես հաստատումն մեր պետության ու կառավարության նվիրվածության ժողովրդավարական ու բարձրագույն արժեքներին, ինչպիսին է մարդկային կյանքը։ Մենք դիմում ենք Ձեզ, որպես ՀՀ քաղաքացիների և համայն հայության իրավունքների և ազատությունների երաշխավորի, խնդրանքով՝ ձեռնարկել միջոցներ մեր հայրենակից, փաստացի ՌԴ քաղաքացի հանդիսացող և սեփական կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի հանգամանքներից ելնելով պատմական հայրենիքում ապաստանած Միսակ Լազարյանին, ում արտահանձնման հարցն այժմ քննարկվում է Հայաստանի Հանրապետության կողմից, շնորհել ՀՀ կեցության իրավունք։

Լազարյանը մեղադրվում է ինքնապաշտպանությունից ելնելով կատարված սպանության մեջ, և մենք չենք խնդրում աչք փակել այդ փաստի վրա ու նույնիսկ չենք խնդրում արդարացնել նրան։ Մենք խնդրում ենք բացառել նրա արտահանձնումը ՌԴ, որի դատական համակարգը, մեղմ ասած, թերի է, անկատար։ Իսկ ՌԴ կալանավայրերում կենցաղային պայմանները և վերաբերմունքը դատապարտյալների հանդեպ անմարդկային են և դաժան։ Անարդար և կողմնակալ դատավճիռների օրինակները բազմաթիվ են, ինչի մասին վկայում են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի կողմից վերջին տարիներին գրանցված բազմաթիվ դեպքերը։

Հաշվի առնելով վերը նշված պատճառները, ինչպես նաև այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակ և որ այդ մահաբեր հիվանդությունը լայն տարածում է գտել նաև ՌԴ-ում՝ մենք խնդրում ենք Միսակ Լազարյանի հանդեպ արդարադատությունն իրականացնել Հայաստանում և հնարավոր մեղադրական դատավճռի դեպքում թույլ տալ նրան պատժաժամկետը կրել ՀՀ կալանավայրերում։ Այդ ամենը լիարժեք համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում։ Հակառակ պարագայում Միսակ Լազարյանի կյանքին և առողջությանը կսպառնան իրական վտանգներ։

Սույնով խնդրում ենք Ձեզ բավարարել Միսակ Լազարյանի հայտը՝ տրամադրել նրան ապաստան և առնել պաշտպանության տակ պատմական հայրենիքում։

Պարո՛ն Նախագահ, մահացած մարդուն հնարավոր չէ վերակենդանացնել նույնիսկ մեկ այլ մարդու կյանքի գնով։ Դրսևորե՛ք մարդասիրություն և օգնե՛ք մեր երիտասարդ հայրենակցին։ Թույլ մի՛ տվեք ևս մեկ երիտասարդ կյանք հանգչի։ Համայն հայությունը հույսով սպասում է Ձեզ և հավատում է Ձեր մարդասիրական որոշմանը։ Միսակ Լազարյանի ճակատագիրը այժմ Ձեր ձեռքերում է»։

Միանալու համար կարող եք այղելել այս հղմամբ և ստորագրել` change.org:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ