Համահայկական ուսանողական ֆորումի շրջանակներում նախօրեին Շուշիում կազմակերպվել է «ՀՀ տնտեսական հեղափոխությունը և Արցախը» թեմայով թրեյնինգ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թրեյնինգին Արցախի նախկին վարչապետ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վերջին տարիներին Արցախում գրանցված տնտեսական աճի բարձր տեմպերը, անդրադարձել տնտեսական հեղափոխության հիմնական դրույթներին:
«Մարդկության պատմության ընթացքում տնտեսական հեղափոխությունը եղել է մի քանի փուլով: Այն մեր երկրում առաջին հերթին ասոցացվում է տնտեսական աճի բարձր տեմպերի հետ: Պետք է նշեմ, որ վերջին 12 տարում Արցախում գրանցվել են տնտեսական աճի բարձր տեմպեր, և տնտեսության զարգացման քայլերն այսօր էլ շարունակական են»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ տնտեսական հեղափոխության արդյունքը պետք է լինի շարունակական տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը, իսկ վերջին տարիներին ամենամեծ արդյունքն Արցախում արձանագրվել է էներգետիկայի ոլորտում:
Ա. Հարությունյանը վստահ է՝ ճիշտ կառավարման մոդելի արդյունքում հնարավոր է տնտեսական աճի շարունակական բարձր տեմպեր ապահովել:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ կարծում է, որ համաշխարհային տնտեսական շուկաներում այսօր կան տարբեր զարգացումներ: Քաղաքական զարգացումները միանշանակ չեն: Ա. Ջավադյանը ցավով է նշում, որ տնտեսությունն էլ հաճախ հետևում է քաղաքականությանը:
«Կապված պահանջարկի և առաջարկի հետ՝ այսօր այն տնտեսական երևույթները, որոնք կային մեր կյանքում, փոխարինվել են նոր տնտեսական թեորիաներով, ինչպիսիք են սպասումները: Մեր օրերում կարևորագույն խնդիր է դարձել դրական սպասումների ձևավորումը բնակչության շրջանում: Եվ տնտեսական հեղափոխության ամենամեծ գրավականը պետք է հենց դրական սպասումների ձևավորումը լինի»,- ավելացրել է Ա. Ջավադյանը:
ՀՀ Առևտրային բանկերի միության նախագահ, ԱյԴի բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն էլ տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին համարում է մարդկանց մտքի փոփոխությունը:
Նրա խոսքով՝ տնտեսական հեղափոխության գաղափարի մեջ ավելի շատ անելիքներ ունի մասնավոր հատվածը:
«Պետական հատվածը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի մարդկանց համար: Իսկ մասնավոր հատվածը պետք է զարգանա, ունենա հեռանկարային ծրագրեր: Այլ կերպ ասած՝ պետության դերը ծառայություն մատուցող և բիզնեսին նպաստող գործառույթ ունենալն է, իսկ տնտեսության զարգացման կենսամակարդակի բարձրացման գրավականը մասնավոր հատվածինն է»,- մասնավորապես նշել է Մ. Աբրահամյանը:
Թրեյնինգի շրջանակներում բանախոսները պատասխանել են նաև ուսանողների կողմից բարձրացված մի շարք հարցերի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Միջոցառման վերջում «Ապագան սկսվում է այսօր» համահայկական ուսանողական ֆորումին գիտելիքներով կիսվելու համար ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնվել է շնորհակալագիր: