fbpx
Կառավարություն

Հանձնարարել եմ գրել մի երգ, որը կմրցակցի Jingle Bells-ի և Happy Birthday-ի հետ․ ՀՀ վարչապետ

Ես խանդով էի վերաբերվում, որ ամանորյա տոներին գլոբալ երգերն ու երաժշտությունն ավելի պոպուլյար է, և ոչ թե հայկականը, և ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին Facebook-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ նպատակով են 271 միլիոն դրամ հատկացրել ամանորյա միջոցառումների կազմակերպմանը։

Նրա խոսքով՝ առաջին նպատակն այն է, որ հնարավորինս մեծ թվով ՀՀ քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում։

«Կառավարությունը ամանորյա միջոցառումների համար մոտ 270 միլիոն դրամ է հատկացրել, սակայն խնդիրը բացարձակապես ուտելու-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցների վրա գումար ծախսելը չէ, որովհետև մենք սրանով լուծում ենք և այս ավանդույթը շարունակելով պետք է լուծենք սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիրներ։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ արդեն երկար տարիներ հաստատված ավանդույթի համաձայն՝ Ամանորը նշում են ՀՀ-ից դուրս, ինչը շատ լուրջ խնդիր է, որովհետև մեր երկրից գումարներն արտահոսում են։ Մենք խնդիր ենք դրել, որ հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում։ Երևանում ահա այս միջոցառումների կոմպլեքսը ունի այդպիսի նպատակ։ Իհարկե մենք հասկանում ենք, որ մեկ տարում այդ խնդիրը ամբողջապես չենք լուծի և այս ավանդույթը ամեն տարի պետք է ավելի ու ավելի մեծ ծավալներ ստանա»,-նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ մյուս խնդիրը դեպի Հայաստան տուրիստների հոսքը խթանելն է։

«Հիմա, փառք Աստծո, բավականին մեծ տուրիստական հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ և մենք ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների հոսքը, որ Հայաստանը տուրիստների համար սեզոնայնություն չունենա»,-ասել է Փաշինյանը։

Նա ընսգծել է նաև, որ պետք է սրբագրումներ կատարել Ամանորի բովանդակության և դրա սոցիալական ազդեցության մասով։

«Մենք ցանկանում ենք նաև որոշակի սրբագրումներ մտցնել Ամանորի բովանդակության և դրա սոցիալական ազդեցության տեսակետից։ Օրինակ՝ շատ է խոսվում այն մասին, թե արժի այդքան գումար ծախսել, երբ երկրում այդքան սոցիալապես անապահով կամ ոչ անապահով մարդիկ կան։ Այդ միջավայրը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, իմ կարծիքով նաև հենց առաջին հերթին ամենօրյա ավանդական ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս, որ իրենց ունեցած հնարավորություններրի սահմանում, բայց շատ ուրախ նշեն Ամանորը Երևանի կենտրոնում։ Նկատի ունեմ, որ այդ հատվածում նաև աշխատելու են սննդի օբյեկտներ, լինելու են արագ սննդի կետեր։ Մարդիկ կարող են իրենց երեխաներին վերցնել, գալ, Երևանի 2750-ամյակի այգում լինելու են տաղավարներ, որտեղ վաճառվելու են բրդուճներ, հոթ-դոգեր, համբուրգերներ, և մարդիկ կարող են մեկ բրդուճով և մեկ բաժակ գինիով իրենց երեխաների հետ գեղագիտական այդ նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով, թանագարան մտնելով բոլորովին նոր որակի մթնոլորտ ստանալ Ամանորը նշելիս»,-ասել է վարչապետը։

Նրա փոխանցմամբ՝ դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 5-ը Երևանի կենտրոնում միջոցառումներ են լինելու։

«Երևանի 2750-ամյակի այգում և Հանրապետության հրապարակում ամենօրյա համերգներ են լինելու։ Մենք ուզում ենք այնպես անել, որ երեխաները նայեն ոչ թե իրենց և իրենց հարևանների սեղաններին, այլ բեմերին, որ իրենց վիզուալ գեղագիտությունը զարգացնեն»,-հավելել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ նոր հայկական երգ պետք է պոպուլյար դառնա։

«Ես խանդով էի վերաբերվում, որ ամանորյա տոներին գլոբալ երգերն ու երաժշտությունն ավելի պոպուլյար է, և ոչ թե հայկականը, և ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, ինչպես նաև ծննդյան տոնակատարոթյունների համար, և պետք է նոր երգ գրելու ավանդույթը շարունակենք այնքան ժամանակ, որ նոր երգը այնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան Jingle bells-ը կամ Happy birthday-ը։

Երեկ իմացա, որ նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում։ Մենք պրոցեսը այնքան պետք է շարունակենք, որ ՀՀ-ում ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կհաղթի գլոբալ երգերի հետ և կմրցակցի Jingle Bells-ի կամ Happy Birthday-ի հետ»,-եզրափակել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ