Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) նախագահ Ջանիի Բուքիքիոյի հետ:
Վենետիկի հանձնաժողովի նախագահը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին Ստրասբուրգում և քննարկել համագործակցության հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն անդրադարձել են նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր երկրում անցել են ազատ և արդար միջազգային չափանիշներին համապատասխան:
Հայաստանի վարչապետը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը` ընդգծելով Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային և խորհրդատվական մարմինների, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի նշանակալի դերը բարեփոխումների օրակարգի իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական օժանդակությունը մեր երկրի օրենսդրությունը միջազգային չափանիշներին ներդաշնակեցնելու գործում: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանն առաջընթաց է արձանագրում ժողովրդավարության ամրապնդման, դատական համակարգի կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ, և ժողովրդավարությունը մեր հասարակության ներքին համոզմունքն է և հիմնարար արժեքը:
Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր` մասնավորապես, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը և ՀՀ օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը վայելում է ժողովրդի լիակատար աջակցությունը և մանդատ է ստացել` քաղաքական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավակնոտ և լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպական արժեքներին և նշել, որ ՀՀ կառավարությունը ներդնելու է առավելագույն ջանքերը` ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի և հետայսու ևս ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ապահովելու համար: Այս գործում Հայաստանի վարչապետը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի և անձամբ պարոն Բուքիքիոյի հետ արդյունավետ համագործակցությունը:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը, այդ թվում` նաև ընտրական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ` կարևորելով ընտրական գործընթացների ինստիտուցիոնալացումը և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանին այդ գործում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։