Աշխարհ

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը խիստ բացասական հետևանքներ է ունենալու երկկողմ հարաբերությունների համար: Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի առաջարկները։

Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից:

«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված էին այն դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Երկկողմ պայմանագիր կնքելու Երեւանի նախաձեռնությունը քննարկվել է, Մոսկվամ առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ընդւոնելի լինել երկու կողմի համար: Ցավոք, այն հաշվի չառնվեց, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում կայացվեց հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:

Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն, Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջ քաշված թեզն այն մասին, որ այն որևէ ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների ու կապերի վրա «իրականությանը չի համապատասխանում»։

«Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը Հայաստանի Հանրապետություն, հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հաագայի խնդրանքով։ Հույս ունենք, որ Հայաստանի Ազգային ժողովում կլինեն սթափ մտածող ուժեր, որոնք հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտ թունավոր որոշմանը վրա կնիք չեն դնի»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ-ն։

Կրեմլը ևս անդրադարձել էր այս հարցին և Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը թշնամական անվանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ