Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար: Այս մասին, ըստ ria.ru-ի, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է աջակցելու Երևանի ու Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության համար։ Ռուսաստանը հետաքրքված է և ջանքեր է գործադրում այս գործընթացում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ հետագայում ևս աջակցել դրան: Այս գործընթացի մեկնարկը, ինչպես մենք ենք կարծում, անշուշտ, կնպաստի տարածաշրջանում հասարակությունների սերտացմանը և բարիդրացիության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը, որը ներկայումս հատկապես արդիական է: Երբ նոր տվյալներ ի հայտ գան, մենք ձեզ անպայման կտեղեկացնենք, բայց, բնականաբար, եթե դա չի վնասի բուն բանակցային գործընթացին ՝ հաշվի առնելով նրա զգայունությունը»,- ասել է է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
