fbpx
Իրավական

Հայաստանը ԼՂ-ի ներկա վիճակի վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան. Կիրակոսյան

Հայաստանը լրացուցիչ ապացույցներ կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու վերաբերյալ։

Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ապացույցները կներկայացվեն այս շաբաթվա ընթացքում:

«ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման շարունակական խափանումներ եղան, որը ստիպեց մեզ՝ հայկական կողմին, հաջորդ քայլը ձեռնարկել և ներկայացնել պահանջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։

Արդարադատության միջազգային դատարանը բավականին արագ հրատապ նիստ հրավիրեց արդեն հունվարի վերջին և փետրվարի 22-ին կայացրեց իր հայտնի որոշումը, որով պարտավորեցրեց Ադրբեջանին ձեռնարկել իր իրավասության տակ գտնվող բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։

Այդ որոշումից հետո, ցավոք, չունեցանք որևէ դրական տեղաշարժ, հակառակը՝ ավելի բացասական հետևանքներ եղան:

Ապրիլին տեղադրվեցին անցակետերը, և դրանց տեղադրումից հետո շատ ավելի սրվեց իրավիճակը, հետո տեղադրվեցին բետոնե պատնեշները, որով գրեթե ամբողջությամբ սահմանափակվեց շարժը ճանապարհով։ Այս զարգացումներին հետևելով՝ Արդարադատության միջազգային դատարան ներկայացրինք երկրորդ խնդրանքը, որպեսզի փետրվարի 22-ի որոշումը ավելի կոնկրետացնի իր միջոցը, որ ցանկացած խոչընդոտ պետք է վերացվի, այդ թվում՝ մարդկային և ցանկացած այլ խոչընդոտ: Դատարան ներկայացվել են լրացուցիչ ապացույցներ այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։

Այս շաբաթվա ընթացքում, կարծում եմ, նորից լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք դատարանին։ Հուսով ենք, որ Արդարադատության միջազգային դատարանը շատ չի ուշացնի որոշումը, որովհետև բավականին ժամանակ անցել է մեր ներկայացրած պահանջից՝ շուտով կլրանա երկու ամիսը:

Եվրոպական դատարանի շրջանակներում ներկայացրած որոշման վերաբերյալ ՄԻԵԴ ենք ներկայացրել նույն ապացույցները, ինչ ներկայացրել ենք Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով, որ Եվրոպական դատարանն իր կիրառած միջոցի մասին ծանուցի ԵԽ Նախարարների կոմիտեին»,- ասաց Կիրակոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ