fbpx
Քաղաքականություն

Հայաստանը շահագրգռված է խորացնել կապերը ԵՄ-ի հետ, մենք գնում ենք ճիշտ այդ ուղղությամբ. Միրզոյան

Հայ-ռուսական հարաբերությունները վատացել են և կան շատ ոչ բարեկամ երկրներ ՀՀ-ի հարևանությամբ, կա նաև Իրանը: Արդյո՞ք Հայաստանի իրավիճակն այսօր ճնշված կարելի է համարել: Երկիրը ցանկանո՞ւմ է, որ Եվրոպան և Գերմանիան ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն:

Պատասխանելով «Deutsche Welle»-ի՝ իրեն ուղղված հարցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ընդամենը շաբաթներ առաջ ականատես եղանք Ադրբեջանի ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, և դրա հետևանքով նաև 100 հազարից ավել փախստականների բռնի տեղահանությանը, ըստ էության, իրենց կյանքը փրկելու համար տեղի ունեցած տեղահանությանը դեպի Հայաստանի Հանրապետություն:

«Այս տարիներին՝ վերջին 3 տարիների ընթացքում, մենք տեսել ենք մի քանի դեպքեր, որոնցից առավել խոշորները կարող եմ հիշել. նախորդ տարի սեպտեմբերի 13-ին, դրանից առաջ 2021 թվականի մայիսին և այլ դեպքեր ևս, երբ տեղի են ունեցել ներխուժումներ ՀՀ սուվերեն տարածք:

Եվ այսօր էլ, ցավոք սրտի, մենք դեռ ունենք լուրջ մտավախություններ, որ հարևան երկրների շրջանում, Ադրբեջանի կողմից մասնավորապես, դեռ կան հավակնություններ այս կամ այն կերպ տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ, կամ որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես երբ խոսքը գնում է, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին: Այնպես որ այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան:

Մենք ունենք 4 հարևան, որոնցից երկուսի հետ ունենք փակ սահման, թեև կարգավորման գործընթաց է գնում նույն Ադրբեջանի հետ, նաև Թուրքիայի հետ: Երբեմն թվում է, որ մենք մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս:

Ես սա ասում եմ նաև, որ մենք մի քանի առումներով և´ քաղաքականապես, և´ անվտանգային առումով. մենք տեսանք, որ այն անվտանգային մեխանիզմները, որոնք նախատեսել էր Հայաստանն, իրականում արդյունավետ դուրս չեկան: Քաղաքական երկխոսության առումով, անվտանգային առումով և տնտեսական փոխկապակցվածության առումով, այդ թվում նաև՝ էներգետիկ փոխկապակցվածության առումով, և ընդհանրապես արժեքների առումով, կարծում եմ, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է խորացնել իր կապերը, հարաբերությունները Եվրոպական միության հետ, անդամ երկրների հետ, Գերմանիայի հետ: Եվ պետք է նկատել, որ մենք նաև սրա գիտակցումը տեսնում ենք ինչպես հայկական կողմից, այնպես էլ բազմաթիվ Եվրոպական երկրների կողմից, Եվրոպական միության կողմից:

Եվ ինչպես կարող եք տեսնել դրա հավաստիքը հենց այս այցն է, այս երկխոսությունը. մենք գնում ենք ճիշտ այդ ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ