fbpx
Մարզեր

«Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն»-ի լաբորատորիան վերանորոգվել է

Հայասատանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել է Բաղրամյանի տարածաջրջանի Մյասնիկյան համայնքում գործող «Քեւօրք եւ Անիտա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն»-ի լաբորատորիան եւ 5-րդ Հայկական բժշկական առաքելության շրջանակում, ամերիկահայ Միշել Թութելյանի նվիրատվությամբ վերազինվել արդիական բժշկական սարքավորումներով:

Իրականացված վերանորոգման աշխատանքներին եւ նվիրաբերված բժշկական սարքավորումներին (ուլտրաձայնային հետազոտման եւ լաբորատոր գերժամանակակից գործիքային սարքեր) ծանոթանալու նպատակով «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն է այցելել մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը:

Ներկայացնելով լաբորատորիայում ստեղծված պայմանները` կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ մինչ այս բուժկենտրոնում հնարավորություն չի եղել իրականացնել ուլտրաձայնային եւ վահանաձեւ գեղձի հորմոնների ու մի շարք վարակների հետազոտություն, եւ պացիենտները ստիպված այցելել են այլ բժշկական հաստատություններ: Նա ուրախությամբ փաստել է, որ իր ղեկավարած առողջության կենտրոնն այսուհետ պատրաստ է սպասարկելու եւ տարածաշրջանի, եւ այլ համայնքների պացիենտներին:

Վարդան Վարդազարյանը «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոնում ծանոթացել է նաեւ առաքելության շրջանակում ԱՄՆ-ից Հայաստան ժամանած բժիշկների կողմից պացիենտներին մատուցվող ծառայություններին, որոնք չեն սահմանափակվում միայն հետազոտությամբ եւ խորհրդատվությամբ, այլ անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաեւ այլ միջամտություններ:
Ներկայացվել է, որ ծրագիրն իրականացնում է Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը, ում ջանքերով ստեղծված այս առաքելության շրջանակում Հայաստանում եւ Արցախում վերջին 4 տարիներին բժշկական օգնություն է ստացել (այդ թվում՝ վիրաբուժական) 4997 պացիենտ:

Տեղեկացվել է նաեւ, որ բարեգործական առաքելությանը մասնակցող բժիշկների մեծ մասը հայկական ծագում չունի, բայց մեծ է Հայաստանում իրենց կարիքն ունեցողներին օգնելու ցանկությունը: Ծրագրի շրջանակում նրանք այս շաբաթ մասնագիտական ծառայություններ կմատուցեն Երեւանի բժշկական կենտրոններում եւ մարզերում, իսկ հաջորդ շաբաթ՝ Արցախում:

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ