ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն հնավայրերից, հուշարձաններից գանձագողության խնդիրը լուծելու նպատակով այս պահին ակտիվորեն աշխատում է Ոստիկանության հետ՝ առանձին օրենք ստեղծելու կամ Քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու համար: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հարցին:
Պատգամավորը բարձրացրեց Հայաստանում հուշարձաններից և հնավայրերի տարածքներից իրականացվող գանձագողություն դեպքերի հարցը: Նա հետաքրքրվեց, թե խնդիրը լուծելու ինչ տեսլական կա:
«Ոստիկանության հետ մենք հիմա աշխատում ենք կամ առանձին օրենք ստեղծելու կամ Քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու համար, որպեսզի լուծենք այս խնդիրը: Խնդիրը մեզ համար ևս հրատապ է»,-ասաց Հարությունյանը:
Նա նշեց՝ տեսնում են, որ Վերնիսաժում վաճառվում են տարբեր նմուշներ, որոնք տարբեր հնավայրերից կամ դամբարանադաշտերից: Նախարարը շեշտեց՝ ոստիկանությունն այս ուղղությամբ իրենց հետ շատ ակտիվ աշխատում է: «Նույնիսկ կարող է լինել պայմանավորվածություն, որ ստեղծվի առանձին փոքր ստորաբաժանում, որը կզբաղվի միայն գանձագողության հարցերով: Այս քննարկումների ընթացքում ենք, և առաջիկա շաբաթներին արդեն նախաձեռնությամբ հանդես կգանք»,-ասաց Հարությունյանը: