Հնդկաստանի կողմից հիպերձայնային հրթիռի փորձարկումները շատ ավելին են նշանակում, քան պարզապես հնդկական զենքերի տեխնոլոգիական առաջընթացը: Դա ևս մեկ քայլ է դեպի Պակիստանի հետ միջուկային պատերազմի սկիզբ։ Այս մասին գրում է National Interest-ը:
Հիպերձայնային տեխնոլոգիան կամ HSTDV-ը ցուցադրելու համար մեխանիզմի առաջին մեկնարկն անհաջող էր: Դա դեռ չի նշանակում, որ HSTDV-ն ունի խնդիրներ, սակայն դա այնքան էլ լավ լուր չէ հնդկական ռազմավարական միջուկային զսպման համար:
Հնդկական հիպերձայնային նախագծի առկայությունը չարագուշակ նշան է Հնդկաստանի և Պակիստանի միջև սառը պատերազմի համար: Հիպերձայնային հրթիռները վտանգավոր են իրենց արագության պատճառով: Չնայած զենքը դեռ անհրաժեշտ է փորձարկել մարտական գործողությունների ժամանակ՝ ԱՄՆ-ի զինվորականները մտահոգված են, որ Ռուսաստանի և Չինաստանի հիպերձայնային զենքը կարող է տեղաշարժվել այնքան արագ, որ անհնար կլինի կանգնեցնել այն: Տակտիկական մակարդակում դա նշանակում է, որ ավիակիրներն ու ավիաբազաները կարող են ոչնչացվել հրթիռների միջոցով մեկ ակնթարթում:
Ռազմավարական մակարդակում հիպերձայնային զենքն իսկապես սարսափելի է: Հիպերձայնային հրթիռը կարող է մատակարարել միջուկային մարտագլխիկն ավելի արագ, քանի բալիստիկ հրթիռը: Սովորական մարտագլխիկով զինված հիպերձայնային հրթիռը կարող էր ոչնչացնել հակառակորդի միջուկային հրթիռներն առաջին իսկ հարվածից, սակայն առանց միջուկային զենքն օգտագործելու անհրաժեշտության:
Ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի, որոնց բաժանում են հազարավոր կիլոմետրեր, Նյու Դելիի և Իսլամաբադի միջև հեռավորությունը 400 մղոն է: Հնդկաստանից կամ Պակիստանից արձակված հրթիռը կարող է ոչնչացնել թիրախը հաշված րոպեների ընթացքում:
Գիտակցումը, որ Հնդկաստանն ունի հիպերձայնային զենք, կարող է ստիպել Պակիստանին, որ իրեն փակուղու մեջ զգա: