ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր ընդունել է Հնդկաստանից ժամանած գործարարների խմբին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Ներդրողները նշել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ անել մի քանի ոլորտներում, մասնավորապես՝ նրանք հետաքրքրված են առևտրի, ծառայությունների մատուցման, արդյունաբերության ոլորտներով։
Նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունները և արտաքին արտոնյալ շուկաները։ Ավագ Ավանեսյանը ներդրողների ուշադրությունն է հրավիրել պետության կողմից ներդրումային ծրագրերին տրվող արտոնություններին։
Գործարարները հարցեր են ուղղել Հայաստանում հարկային և մաքսային կարգավորումների, ներդրումային օրենսդրական դաշտի վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են արդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրին առնչվող հարցերին, որով նախատեսվում է հիմնել մետաղական ամրանների և ամրաձողերի արտադրություն։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ներդրողներին հետաքրքրող ծրագրերի և կարգավորումների շուրջ։