fbpx
Իրավական

Հոգեբանները ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերը. ՄԻՊ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) հոգեբանները ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերն ու ազատազրկված անձանց հետ այդ առնչությամբ տարվող մասնագիտական աշխատանքները:

Այս նպատակով, դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկվել թիվ 19-64 գրությունը՝ պարզելու ինքնավնասման դեպքերի քանակը, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի (այսուհետ՝ ՍՀԻԱ բաժին) աշխատակիցների քանակը, ինքնավնասում կատարած անձանց հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները, ինքնավնասման հնարավոր դրդապատճառները:

Հետազոտության համար ընտրվել են երկու քրեակատարողական հիմնարկներ՝ «Արմավիր» և «Նուբարաշեն», քանի որ, ըստ վիճակագրության, ինքնավնասման դեպքերը առավել հաճախ գրանցվում են վերը նշված հիմնարկներում։ Հոգեբանների կողմից կազմակերպվել են 1-ական այցեր նշված հիմնարկներ։

Հետազոտության մեթոդաբանություն, նկարագրություն և իրականացում
Հետազոտությունն իրականացվել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների հետ։ Ինքնավնասում կատարած անձանց հետ առանձին հարցազրույցներ այս փուլում դեռևս չեն իրականացվել:

Հետազոտությունն իրականացվել է հետևյալ մեթոդներով՝ դիտում, նախօրոք մշակված հարցաշարով հարցազրույց, փաստաթղթերի ուսումնասիրություններ և ստացված տեղեկությունների համադրում։

Ուսումնասիրվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու և ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի թիվ 44-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի թիվ թիվ 279-Ն հրամանը։

Իրավիճակը ինքնավնասումների և ինքնավնասման դեպքերի հետ տարվող աշխատանքների շուրջ «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում

Հարկ է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարի թիվ 279-Ն հրամանով կարգավորվում են նաև ինքնավնասման դեպքերի հետ տարվող աշխատանքները, ըստ որի՝ կալանավորված անձինք և դատապարտյալները հաշվառման են վերցվում որպես բացասական հակում ունեցող, եթե նրանց մոտ առկա է փախուստի, ինքնավնասման, ալկոհոլի, թմրամիջոցների, ագրեսիվության և կոնֆլիկտայնության, ինչպես նաև հանցածին դիրքորոշումների հակումներից մեկը:

Ըստ վերը նշված փաստաթղթի՝ որպես ինքնավնասման հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում՝

ա. մեկ տարվա ընթացքում երկու և ավելի ինքնավնասման փորձի կամ փաստի վերաբերյալ գրառումները անձնական գործում,
բ. հոգեբանական եզրակացությունը:

Այսինքն, ըստ սույն փաստաթղթի, երկու և ավելի ինքնավնասման փորձ (հարկ է նշել նաև, որ փաստաթղթում չի սահմանվում ինքնավնասման փորձ եզրույթը, այսինքն ինչը կարելի է համարել ինքնավնասման փորձ) կատարած անձը հաշվառման է վերցվում որպես բացասական հակում, ինչն ի սկզբանե ազդեցություն կարող է ունենալ հոգեբան-այցելու, սոցիալական աշխատող-շահառու հարաբերությունների վրա։ Այս պարագայում ինքնավնասում կատարած անձը կարող է խուսափել պատմել ինքնավնասման այլ փորձերի, մտքերի մասին, դրա հետ կապված ներաձնային խնդիրների հետ, ինչն իր հերթին բարդեցնում է ոչ միայն աջակցության տրամադրման գործընթացը, այլ նաև ինքնավնասում կատարելու դրդապատճառն ու կանխարգելման այլ գործողությունները բացահայտելու և կազմակերպելու գործընթացը։

Ըստ ՍՀԻԱ բաժնի աշխատակիցների հայտնած տեղեկությունների՝ ինքնավնասումների հիմնական դրդապատճառներն են՝

ա․ Քրեական գործի և դրա հետ կապված խնդիրներ,
բ․ Տեղափոխվելու և տեղաբաշխման հետ կապված խնդիրներ,
գ․ Ցուցադրական վարք,
դ․ Շանտաժ,
ե․ Հոգեկան առողջության խնդիրները և օրգանական խանգարումներ,
զ․ Թմրանյութերից կախվածություններ,
է․ Անձնական, հոգեբանական կամ ընտանեկան խնդիրներ։

Ստացվում է, որ հոգեկան առողջության խնդիր կամ ներանձնային, հոգեբանական խնդիրներ ունեցող կալանավորված անձանց / դատապարտյալների պարագայում, երբ ինքնավնասումը ներանձնային խնդիրների լուծման միջոց և կրկնվող վարքի դրսևորում կարող է լինել, դառնում է բացասական հակում ունենալու հաշվառման հիմք: Հարկ է նշել նաև, որ հաշվառման հետևանքով ավելի դժվար է դուրս բերել ինքնավնասման հետագա փորձերի ռիսկայնությունը և ինքնասպանության ռիսկի առկայությունը այս կամ այն ինքնավնասման փորձի դեպքում, ինչն էլ իր հերթին բարդացնում է մասնագիտական աջակցության տրամադրման գործընթացը:

Այցելություն կատարելու պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում էր 349 , Արմավիր ՔԿՀ-ում՝ 711 անձ:Ըստ այդմ, ՍՀԻԱ բաժնում աշխատանքային ծանրաբեռնվածության խնդիրը ակնհայտ է դառնում քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց և մասնագիտական հաստիքների թվային հարաբերակցության արդյունքում:

Երկու հիմնարկներն էլ ունեն հետևյալ հաստիքները՝ 3-ական հոգեբանի և 1-ական սոցիալական աշխատողի, ինչպես նաև հոգեբույժի՝ ոչ լրիվ հաստիքով:

Ստացվում է միջինում ՍՀԻԱ բաժնի հոգեբանը կարող է 150 և ավել ազատազրկվածների հետ աշխատել, ինչը ոչ միայն հակասում է մասնագիտական էթիկային այլ նաև անհնար է:

Բացի այդ, ազատազրկված անձանց հետ աշխատանքի հետ միասին իրականացվում է թղթաբանության հետ կապված ծավալուն աշխատանք, որը հստակ ժամանակային սահմանափակումներ ունենալու պատճառով դիտարկվում է հրատապ և շահառուների/այցելուների հետ տարվող աշխատանքը փաստացի երկրորդվում է դրան:

Ազատազրկվածների շրջանում շատ են նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները և այդ ծառայության պահանջարկը ավելի մեծ է, քան իրականում տրամադրման հնարավորությունը հոգեբույժի ոչ լրիվ հաստիք ունենալու պարագայում։

Հարկ է նշել, որ ՔԿՀ-ներում օտարերկրացիների հետ մասնագիտական աշխատանքի կազմակերպումը չի իրականանում թարգմանչի մասնակցությամբ, այլ ՔԿՀ-ում այդ լեզուն տիրապետող մեկ այլ դատապարտյալի/կալանավորի օգնությամբ, ինչն իր հերթին ունի մի շարք էթիկական խնդիրներ։

Հարցազրույցի ընթացքում պարզ է դարձել նաև, որ ՔԿՀ-ների հոգեբանները, սոցիալական աշխատողը հիմնարկի նախաձեռնությամբ մոտ երկու տարի և ավել չեն անցել համապատասխան նեղ մասնագիտական վերապատրաստումներ դատապարտյալների հետ աշխատանք իրականացնելու համար։ Դիտարկումները ցույց տվեցին նաև, որ ՍՀԻԱ բաժնի հոգեբաններն ու սոցիալական աշխատողը չէին ստացել համապատասխան նեղ մասնագիտական հմտություններ ինքնավնասումներ կատարած անձանց հետ հոգեթերապևտիկ և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար։

ՔԿՀ-ների հոգեբանների, սոցիալական աշխատողների աշխատանքը ռիսկային է և ծանր՝ հաշվի առնելով թիրախային խմբի առանձնահատկությունները, աշխատանքի կազմակերպման պայմանները, հետևաբար մեծ է հավանականությունը, որ մասնագետները կարող են մասնագիտական այրում ունենալ։ Հոգեբան մասնագետների հետ զրույցի ընթացքում որոշ մասնագենտեր նշում էին հոգնածության և սպառվածության, անքնության, աշխատանքի անարդյունավետության մասին, իսկ վերը նշված ցուցիչները մասնագիտական այրման ցուցանիշներ կարող են դիտվել։

Հարկ է նշել, որ ըստ մասնագիտական գրականության այրմանն կարող են նպաստել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են սեփական մասնագիտական պահանջների անորոշությունը և չսահմանված լինելը, աշխատանքի մեջ ինքնաիրացված չլինելը, ՔԿՀ-ների (աշխատավայրի) ոչ հարմարեցվածությունը մասնագիտական աշխատանք կազմակերպելուն և իրականացնելուն, ինչի հետևանքով աշխատակիցներ, սուպերվիզիաների բացակայությունը, դատապարտյալների հետ իրականացվող աշխատանքի բարդ ու վտանգավոր լինելը և մի շարք այլ հանգամանքներ։

Քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական աշխատանքները պատշաճ իրականացնելու համար շատ կարևոր է այն հանգամանքը, թե ինչպես է հոգեբանի դերը ընկալվում դատապարտյալի/կալանավորի կողմից։ Աշխատանքները պատշաճ իրականացնելու համար հոգեբանը պետք է ընկալվի որպես մասնագետ, ով հմտորեն տիրապետում է իր աշխատանքին, հետևում է հոգեբանի էթիկայի նորմերին, մասնավորապես գաղտնապահության սկզբունքին, անհրաժեշտության դեպքում իրականացնում է հոգեթերապևտիկ խորհրդատվական աշխատանքներ կամ խորքային հոգեթերապիա, ՔԿՀ-ի իր հոգեբան կոլեգաների կամ այլ բաժինների մասնագետների հետ չի քննարկում դատապարտյալի մասին որևիցե տեղեկություն, որը նա ստացել է իր և դատապարտյալի համատեղ աշխատանքի ընթացքում, բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ դատապարտյալին կամ որևիցե այլ անձի կյանքին սպառնացող վտանգ է առկա, կամ միայն դատապարտյալի տեղեկությամբ։ Սակայն դիտարկումները ցույց տվեցին, որ հոգեբանի դերի ընկալման հետ մի շարք խոչընդոտներ կան. հոգեբանի դերի ընկալմանը կարող են խոչընդոտել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են օրինակ՝ հոգեբանների վրա հաճախ դրվող այնպիսի պարտականություններ, որոնք, հոգեբանական աշխատանքի հետ առնչություն չունեն՝օրինակ՝ հոգեբանին կարող է հանձնարարվել դատապարտյալին ՔԿՀ- ի ու նրա ներքին կանոնակարգին ծանոթացնելը, աջակցել այս կամ այն դիմումի գրման հարցում և այլն:

ՔԿՀ-ների ՍՀԻԱ բաժնի աշխատակիցներն նշում էին, որ հենց դերերի շփոթումն ու ՔԿՀ-ի ենթամշակույթային առանձնահատկությունների, երբեմն նաև հոգեբան-այցելու հարաբերությունների վերաբերյալ առկա կարծրատիպային պատկերացումների պատճառով հաճախ դատապարտյալների հետ աշխատանքը չի ստացվում։ Օրինակ, երբ հոգեբանը դատապարտյալին առաջարկում է միասին աշխատել խցից դուրս, վերջինս կարող է հրաժարվել աշխատանքից, պատճառաբանելով, որ խցակիցները կարող են մտածել, որ ինքը մատնիչ է ինչի պատճառով կարող են կոնֆլիկտներ առաջանալ իր և խցակիցների միջև։

Եզրակացություններ և առաջարկություններ
ա․ Ապահովել աջակցություն տրամադրող բաժնի աշխատակիցների հոգեբանական և ֆիզիկական բարեկեցությունը՝ բարելավել աշխատանքային ֆիզիկական պայմանները՝ օրինակ, ընդմիջում ունենալու համար հարմարեցված պայմաններ և հնարավորություններ, հաճախակի կազմակերպվող նեղ մասնագիտական վերապատրաստումներ, որոնց իրականացման համար հաշվի առնել նաև մասնագետների կողմից առանձնացված հիմնախնդիրներն ու առաջարկները մասնագիտական այրումից խուսափելու համար՝ սուպերվիզիոն հանդիպումների կազմակերպում՝ թե՛ ըստ մասնագետի պահանջի, և թե՛ ըստ ընթացակարգի, վերանայել աշխատանքային երաշխիքները՝ առողջության ապահովագրություն, աշխատավարձ, աշխատաժամեր:

բ․ Քրեակատարողական հիմնարկներում հոգեթերապևտիկ աշխատանքները պատշաճ իրականացնելու համար բացակայում են հոգեբանին անհրաժեշտ պայմանները, որոնք նպաստում են հոգեբանի ու այցելուի միջև փոխվստահելի ու ապահով միջավայր ստեղծելուն։ Նման պայմաններից են հոգեբանի համար նախատեսված առանձնասենյակը, որտեղ հոգեբանը կիրականացնի հոգեթերապևտիկ աշխատանքները, սենյակը պետք է կահավորված լինի անհրաժեշտ գույքով, գտնվի անաղմուկ վայրում, ապահով լինի և միևնոււյն ժամանակ սահմանափակի կողմնակի անձանց մուտք ու ելքը:

գ․ Ապահովել մասնագիտական աշխատանքի կատարման պայմանները՝ հենվելով միջազագային փորձի վրա և մշակել համապատասխան ընթացակարգ՝ հենվելով մասնագիտական էթիկայի և մասնգատիական գործունեության առանձնահատկությունների վրա. թղթաբանության կազմակերպում, այցելուների/շահառուների ընդունման թվային սահմանափակումներ, հստակ սահմանաել մասնագետի պարտականություններն ու գործողությունները հենվելով մասնագիտական էթիկայի վրա, օրինակ, բացառել հոգեբանի՝ դրական կամ բացասական եզրակացություն տալը. Հոգեբանը կարող է տալ մասնագիտական կարծիք՝ հենվելով միմիայն մասնագիտական էթիկայի և հնարավորությունների վրա:

դ․ Սահմանել հոգեբանի դերը քրեակատորողական հիմնարկում և ընթացակարգային հստակ նկարագրություն ունենալ, թե որ դեպքում հոգեբանը կարող է գնալ խուց, որ դեպքում սոցիալական աշխատողը: Հոգեբանի պարագայում շեշտը դնել ճգնաժամային միջամտության վրա:

ե․ Առանձնացնել ինքնավնասում կատարած անձանց վիճակագրական տվյալները՝ օրինակ՝ առանձնացնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ սոցիալ-դեմոգրաֆիկ գործոններ (տարիք, էթնիկ պատկանելիություն, կրթական մակարդակ, ամուսնական կարգավիճակ, ապրելու վայրի պայմաններ մինչ դատապարտվելը), կալանքի հետ կապված գործոններ (ազատազրկվելուց հետո սկզբնական շրջանը ավելի բարձր ռիսկայնություն ունի ինքնավնասումների համար), հոգեբանա-հոգեբուժական գործոններ, ինքնավնասման հետևանքով առաջացած ֆիզիկական հետևանքներ և այլն, որոնք էլ իրենց հերթին հնարավորություն կտան առանձնացնել ինքնավնասման ռիսկային գործոնները և ունենալ ինքնավնասման հետ աշխատանքի հստակ մշակված ռազմավարություն բազամամասնագիտական թիմի կողմից:

Իրականացնել ինքնավնասում կատարած անձանց ռիսկի գնահատման գործիքների ադապտացում և մշակում, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա առանձնացնել ինքնավնասման դրդապատճառները, նպաստող գործոններն ու դրսևորման առանձնահատկությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ