Disney-ի «Մուլան» ֆիլմի գլխավոր դերակատար դերասանուհի Լյու Իֆեյը հավանություն է տվել ոստիկանության գործողություններին:
«Ես սատարում եմ Հոնկոնգի ոստիկանությանը: Կարող եք հարձակվել ինձ վրա: Ինչ խայտառակություն Հոնկոնգի համար»,-գրել է Իֆեյը չինական Weibo սոցցանցում:
Դրանից հետո թվիթերում հայտնվեց #BoycottMulan հաշթագը: Սոցցանցի օգտատերերը մեղադրում են դերասանուհուն ոստիկանության դաժանությանը հավանություն տալու մեջ և հիշեցնում են, որ Իֆեյն ԱՄՆ քաղաքացի է: Մինչդեռ Weibo-ում մարդիկ սատարեցին Լյուին. նրա գրառումը ավելի քան 70 հազար հավանում է ստացել:
Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն 2 ամիս, որոնց համար առիթ հանդիսացան իշխանությունների կողմից դեռևս փետրվարին ընդունված ուղղումները արտահանձնման մասին օրենքում, որով թույլատրվում է արտահանձնել հանցագործներին Չինաստանին: Շատերի կարծիքով, այդ օրենքը կարող է օգտագործվել այլախոհների դեմ պայքարում:
Ավելի վաղ Պեկինն իր աջակցությունն է հայտնել Հոնկոնգի իշխանություններին ցուցարարների դեմ պայքարում, իսկ վերջիններս հայտարարել են, որ վճռական են լինելու: