Հոկտեմբերի 1-ին մի քանի հազար մարդ է դուրս եկել Հոնկոնգի փողոցներ՝ կոչ անելով Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը՝ իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Ոստիկանությունն ավելի վաղ արգելել էր հակակառավարական ցույցերի անցկացումը հոկտեմբերի 1-ին՝ ՉԺՀ-ի կազմավորման օրը, և զգալիորեն ուժեղացրել անվտանգության միջոցառումները:
Սակայն, չնայած արգելքին, Հոնկոնգի բնակիչները հավաքվել են հրապարակներում ու փողոցներում: Նրանց մեծամասնությունը սև է հագնված, քանի որ բողոքողները ՉԺՀ-ի կազմավորման 70-րդ տարեդարձը համարում են «սգո օր»: Նրանցից ոմանք պարզել են ՉԺՀ-ի դրոշներ՝ դրանց վրա սև խաչերով:
«Այսօր մենք դուրս ենք եկել ասելու Կոմունիստական կուսակցությանը, որ Հոնկոնգի բնակիչները տոնի առիթ չունեն»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Անվտանգության միջոցառումների շրջանակում Հոնկոնգում փակ է առևտրական կենտրոնների մեծամասնությունը, ինչպես նաև մետրոյի 11 կայարան: