Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։
Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա ջրանցքներից։
Ուսումնասիրության և գետերում առկա նյութերի հետ նույնականացման նպատակով յուղոտված փետուրներով արագիլի առանձնյակը տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ։
Ուսումնասիրություններ են կատարվում այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որտեղից կարող է հնարավոր լինել վերոնշյալ նյութերի արտահոսքը։
Աղտոտման հիմնական աղբյուրի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի և Տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների արդյունքների համադրման և ամփոփման ավարտից հետո նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։
Խնդիրը գտնվում է Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։