Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ազգային հավաքականի նորեկ, Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ հարցազրույց Է հրապարակել:
«Ծնվել եմ Հանովերի շրջանի Գերդեն փոքր քաղաքում: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել հորս շնորհիվ: Նա ելույթ էր ունենում տեղի փոքր ակումբներից մեկում: Այն ժամանակ գնում էի դիտում նրա խաղերը, այդպես սկսեցի սիրել ֆուտբոլը:
Մեկ տարի խաղացել եմ Դորտմունդի «Բորուսիայում», հետո առաջարկ ստացա «Բավարիայից»: Մեկ շաբաթով գնացի Մյունխեն, ծանոթացա «Բավարիայի» համակարգին և ստորագրեցի պայմանագիր: Այժմ ելույթ եմ ունենում Ռեգիոնալ լիգայում, որտեղ մակարդակը բավականին լավն է, այնտեղ հեշտ է զարգացնել խաղային որակները:
Հայաստանի ազգային հավաքանում ելույթ ունենալու որոշումը հեշտ կայացրի: Ես սիրում եմ Հայաստանը, հպարտ եմ, որ հայ եմ: ՀՖՖ նախագահի զանգից հետո խոսեցի ընտանիքիս հետ: Հետո պատասխանեցի Արմեն Մելիքբեկյանին, որ ցանկանում եմ ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում:
Ազգային թիմում ամենաշատը շփվում եմ Գերմանիայից եկած տղաների՝ Սարգիս Ադամյանի և Երջանիկ Ղուբասարյանի հետ: Ադամյանը խորհուրդ է տվել չլարվել և խաղալ իմ ֆուտբոլը:
Ալեքսանդր Պետրակովն ունի մեծ ցանկություն այստեղ ինչ-որ բան փոխելու: Ես շատ երիտասարդ եմ, բայց հնարավոր ամեն բան կանեմ, որ օգնեմ թիմին»,- նշել է 19-ամյա ֆուտբոլիստը:
