Ամերիկյան Boeing ընկերությունը հրապարակել է ավելի քան 100 էջ ներքին փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընկերության 737 MAX օդանավի մշակմանը։ Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, փաստաթղթերում տեղեկություններ է պարունակում ընկերության օդանավերի վերաբերյալ Boeing-ում ներքին հաղորդակցության մասին: Դրանց զգալի մասը, մասնավորապես, նվիրված է 2017 և 2018 թվականներին 737 MAX սիմուլյատորների մշակմանն ու հավաստագրմանը:
Փաստաթղթերն ուղարկվել են նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ և Սենատ, որոնք զբաղվում են այս մոդելի օդանավերի 2 աղետների հետաքննությամբ:
Նշվում է, որ Boeing-ը հրապարակված փաստաթղթերին կցել է դրանց բովանդակության համար իր ներողությունը: Կորպորացիայի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ներքին գրագրությունը պարունակում է «սադրիչ հայտարարություններ» և մի շարք դեպքերում բարձրացնում է ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) հետ Boeing-ի փոխգործակցության հարցեր:
«Այդ հայտարարությունները չեն որոշում այն ընկերությունը, որը մենք պետք է լինենք, և միանգամայն անընդունելի են: Մենք ափսոսանք ենք հայտնում այդ գրագրության բովանդակության համար և ներողություն ենք խնդրում FAA-ից, Կոնգրեսից, ավիաընկերությունների մեր հաճախորդներից և ավիաուղևորներից»,- նշված է Boeing-ի հաղորդագրության մեջ: