Պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը մեղադրյալի, կասկածյալի կարգավիճակ չունի։ Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):
Մինչդեռ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Փաստինֆո» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվում է Սահմանադրական դատարանի համաձայնությունը ստանալու դեպքում:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց՝ քրեական գործի հարուցումը հաճախ են շփոթում քրեական հետապնդում հարուցելու հետ:
«Որպեսզի բոլորիս համար պարզ լինի, շատ հաճախ քրեական գործ հարուցելը շփոթում եք քրեական հետապնդում հարուցելու հետ, ուրեմն քրեական գործը հարուցվում է, որպեսզի կատարվեն ողջ ծավալով քննչական գործողությունները, քանի որ նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմինը կաշկանդված է կատարել քննչական գործողություններ, օրենքը թույլ չի տալիս։ Օրենքը թույլ է տալիս նյութերի նախապատրաստման ընթացքում միայն կատարել դեպքի վայրի զննություն, նշանակել փորձաքննություն, վերցնել նմուշներ։ Այսինքն՝ նյութերի նախապատրաստման ընթացքում այնպիսի քննչական գործողություններ ինչպիսիք են առգրավումները, խուզարկությունները, հարցաքննությունները, չեն կարող կատարվել», – նշեց Սուրեն Խաչատրյանը։
Արման Բաբաջանյանը հոկտեմբերի սկզբին էր դիմել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին, որոնց արդյունքում տեղի է ունեցել, ըստ պատգամավորի, իշխանության փաստացի բռնազավթում: Դատախազությունը նյութերն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ: Սասուն Խաչատրյանը մանրամասնեց՝ քրեական գործը առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության փաստով է հարուցվել:
Լրագրողների հարցին, թե հետագայում ՍԴ նախագահը այս գործում որևէ կարգավիճակ կստանա՞, ՀՔԾ պետը պատասխանեց. «Դուք ուզում եք՝ ես ենթադրություններ անե՞մ։ Ես ասում՝ գործ է հարուցվել, նյութերի նախապատրաստման ընթացքում հարուցվել է քրեական գործ առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության փաստով»։
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պնդել է, թե կայքերից մեկում է ընթերցել, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցելու որոշման մեջ ուղղակի նշված է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը: ՀՔԾ-ից հերքում են, որ Թովմասյանի անունը հիշատակված է քրեական գործ հարուցելու քննիչի որոշման մեջ: Քրեական գործ է հարուցվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով:
Այս հոդվածով՝ «իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը» պատժվում է ազատազրկմամբ` 10-ից մինչև 15 տարի ժամկետով:
Աղբյուրը՝ Azatutyun.am
