Հուլիսի 23-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին Սիսիանի բնակիչներից մեկը հանձնել է ծալովի խզակոթով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից
«Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը:
Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ ու փամփուշտներ, իսկ Վայքի բաժնում՝ «Կարաբին» հրացանի, ինքնաձիգի պահունակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։
Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Վերին Արտաշատ գյուղի մի բնակիչ հանձնել է «ՏՕԶ» և «ԻԺ» տեսակի հրացաններ ու տարբեր տրամաչափի 37 փամփուշտ։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ապարանի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանները. Ապարան քաղաքի մի բնակիչ հանձնել է նռնականետի արկ, նռնակի պայթուցիչներ ու ինքնաձիգի փամփուշտներ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։