Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարան»-ում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սպիրտի տարրայում (30 տոննա) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ կան զոհեր և տուժածներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Այրվել են սպիրտի տարան, մոտ 35 գմ տախտակամած և «KAR» մակնիշի ամբարձիչ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հովհաննես Ն.-ն (ծնված 1958 թ․), Գևորգ Մ․-ն (ծնված 1977 թ․), Սարգիս Ե․-ն (ծնված 1996 թ․) և Հարություն Մ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները թիթեղների տակից դուրս են բերել Արեն Ա․-ի (մոտ 35-40 տ․) և Լյովա Ա․-ի (ծնված 1974 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ փրկարարներն իրականացրել են տարաների հովացման աշխատանքներ:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 11 հատ 30 տոննա տարողությամբ և 8 հատ 20 տոննա տարողությամբ սպիրտի տարաներ և մոտակա պահածոների արտադրամաս: