ՀՀ քաղաքական դաշտը գնալով պրիմիտիվանում է, և դա տեղի է ունենում հանրության աչքի առաջ, երբ երբեմնի հավատարիմ դաշնակիցները կամ «քցում» են միմյանց՝ հարվածելով թիմակցի թիկունքին, կամ տարբեր ձևաչափերով գնում կուլիսային գործարքների։ Ցանկացած քաղաքական գործչի և, առավել ևս, կուսակցության ղեկավարի համար, անկյունաքարային նշանակություն ունի թիմում առկա ընդհանուր իրավիճակի վերահսկումը, իր կուսակիցների անձնական տեսակետների և տարաձայնությունների, մասին պատշաճ տեղեկացվածությունը, եթե դրանք առկա են, այլ ոչ թե սիրողական մակարդակի կամ շարքային փողոցային խոսակցություններին տուրք տալը։ Այս մասին գրում է «168 ժամ»-ը։
Երեկ ականատես եղանք հերթական «հուդայական» մի իրավիճակի, այս անգամ դեպքերի էպիկենտրոնը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր։
Շաբաթներ առաջ իր հարցազրույցներից մեկում կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ոգևորված հայտարարում էր, որ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ իրենք ոչ մի տարաձայնություն չունեն, և, որ ինքը լիովին կիսում է Բաբաջանյանի կողմից առաջ քաշած տեսակետներն ու մոտեցումները, որ «թիմն աշխատում է մոտիվացված»։
Իսկ երեկ առավոտյան Մարուքյանն իր «լայվում» բողոքում էր հերթական ապատեղեկատվության դեմ, որ իբր «լկտի սուտ է այն, որ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը «տակից» աշխատում է իրենց հետ», և այլն։ Ու մինչ նա զբաղված էր կուսակցության իմիջի փրկման աշխատանքներով՝ Արման Բաբաջանյանի կողմից թիկունքից ստացավ մի հարված. նա հանդես եկավ հրապարակմամբ՝ նշելով, որ դադարեցնում է իր անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։ Այստեղից կարելի է մի եզրահանգում անել. կամ Էդմոն Մարուքյանն ուղղակի չի տիրապետում իրավիճակին, չգիտի, թե ինչ է կատարվում սեփական կուսակցության ու խմբակցության ներսում, այն դեպքում, երբ մամուլում տարբեր առիթներով գրվում էին իրենց ներսում տեղի ունեցող խմորումների մասին, կամ…
Իր հայտարարության մեջ Բաբաջանյանը նշում է, որ դեռ անորոշ է պատգամավորական մանդատի հարցը, նրա խոսքով, կամ կմնա անկախ պատգամավոր, կամ՝ կհրաժարվի մանդատից։
Բաբաջանյանի հայտարարությունից հետո «Լուսավորի» մեկ այլ պատգամավոր՝ Անի Սամսոնյանը, հանդես եկավ հրապարակմամբ, որով Բաբաջանյանին հորդորում էր վայր դնել կուսակցությունից ստացված մանդատը (հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը 2018-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարն էր)։ Այնուհետև եղավ կուսակցության հայտարարությունը. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը»…
Իրավիճակի հետ կապված՝ կարող ենք նշել, որ ներկայումս Մարուքյանը բավականին թույլ, ինչ-որ իմաստով՝ անճար իրավիճակում է, և, հավանաբար, կախված Բաբաջանյանից, որ չի համարձակվում իրենց հարաբերությունների և ներսում առկա խնդիրների մասին իր «լայվում» գոնե թեթևակի ակնարկներ անել։ Զավեշտալին այն է, որ Բաբաջանյանի հայտարարությունից մեկուկես ժամ առաջ Մարուքյանը գրեթե ոչինչ չասող «լայվ» է մտնում, խոսում է ինչ-ինչ «լոլոներից», բայց իր քաղաքական կառույցի ու թիմի մասին՝ ոչ մի խոսք։
Հիշեցնենք, որ Մարուքյանն իր լայվով ասում էր՝ իբրև թե այսօր առավոտյան գնացել է կառավարություն և անձամբ ծանոթացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «գաղտնի» փաստաթղթին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: