Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթներից և՛ գոհ ենք, և՛ դժգոհ․ մարզիչ

Ամենադիտվածներ

Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթներից և՛ գոհ ենք, և՛ դժգոհ․ մարզիչ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Ղազախստանի մայրաքաղաքում Նուր-Սուլթանում անցկացված աշխարհի առաջնությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը նշեց, որ ըմբիշների ելույթներից և՛ գոհ է, և՛ դժգոհ:

«Աշխարհի առաջնությունը բարդ էր, քանի որ այն վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար: Բոլոր թիմերը լավ էին պատրաստվել, և փորձում էին նվաճել հնարավորինս շատ վարկանիշներ: Տղաների ելույթներից և՛ գոհ ենք, և՛ դժգոհ: Գոհ ենք, որ ունեցանք 2 վարկանիշ: Մի քանի քաշային կարգերում կարող էինք ավելի լավ հանդես գալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց: ԱԱ-ում թույլ մրցակիցներ չկային: Կարող ենք մեր դժգոհությունը հայտնել մրցավարության վերաբերյալ, քանի որ 63 կգ քաշային կարգում կարող էինք եզրափակիչում տեսնել մեր ըմբիշին: 55 և 67 կգ քաշային կարգերում ևս մրցավարները խանգարեցին մեզ: Մնացած գոտեմարտերում մրցավարությունը նորմալ էր: Կարապետ Չալյանը բարձր ջերմություն ուներ մրցումներից առաջ ու ընթացքում: Դեռ չենք կարող ասել՝ ով կմասնակցի Օլիմպիական խաղերին՝ Չալյանը, թե Արսեն Ջուլֆալակյանը: Դեռ շատ ժամանակ կա: Վստահեցնում ենք՝ կգնա նա, ով ավելի ուժեղ է:», – ասաց մարզիչը:

Հավաքականի մարզիչներից Սամվել Գևորգյանը դժգոհեց աշխարհի առաջնության մրցավարությունից ու վիճակահանությունից:

«Վերջին 3-4 տարվա ընթացքում սա ամենաուժեղ ԱԱ-ն էր: Մասնակցեցին ուժեղագույն ըմբիշները, քանի որ վարկանիշները կարևոր էին յուրաքանչյուր երկրի համար: Կարող եմ ասել, որ շատ վատն էր վիճակահանությունը, որը, կարծես, ստեղծված լիներ մի քանի երկրների համար: Օրինակ՝ Արթուր Ալեքսանյանն անցկացրել է 5 գոտեմարտ իր հիմնական մրցակիցների հետ: Նույնը կարելի է ասել 60 և 67 կգ քաշային կարգերի մասին: Մրցավարությունը շատ վատն էր: Մրցավարների մոտ ևս կար լարվածություն, քանի որ այս մրցման արդյունքում պետք է ընտրվեին Օլիմպիական խաղերի մրցավարները: Մենք չհասկացանք, թե 67 քաշային կարգում մրցավարները գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ ինչի համար միավոր տվեցին Կարեն Ասլանյանի մրցակցին: Դրանից հետո Միխայիլ Մամիաշվիլին մոտեցավ և ասաց, որ ինքն էլ չհասկացավ այդ որոշումը, և եթե մրցավարները չբացատրեն իրեն, ապա կպատժվեն: Մրցավարը պատժվեց, սակայն մենք զրկվեցինք մեկ վարկանիշից: Եթե Արթուր Ալեքսանյանն էլ փոքր վրիպում թույլ տար, նրան նույնպես խանգարելու էին: Սակայն այս անգամ Արթուրն այնպիսի մարզավիճակում էր, որ կարող էր ևս 5 գոտեմարտ անցկացնել և չհոգնել, եթե վնասվածքները չլինեին: Բժիշկները ցավազրկեցին Արթուր Ալեքսանյանին, սակայն ցավը դեռ կար: Վնասվածքը կարող էր վնասել նրա թոքերը, և մենք որոշեցինք ռիսկի չդիմել: Արթուրը շատ ծանր տարավ, որ հանձնեց մեդալը, սակայն թույլ չտվեցինք վտանգել նրա առողջությունը: Այսօր նա կհետազոտվի, ինչից հետո կորոշենք, թե ինչ բուժում կստանա: Բժիշկներն ասել են, որ նա մի քանի ամիս պետք է անշարժ պահի այդ հատվածը»,- ասաց Սամվել Գևորգյանը:

Հիշեցնենք, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու մեդալով էր ավարտեց ելույթն աշխարհի առաջնությունում: Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճել էր արծաթե մեդալ: Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ