ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի միջև սեպտեմբերի 5-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Զարեհ Սինանյանը նշել է, որ ծրագրի նպատակն է խթանելու հայրենադարձությանը, նպաստելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական սփյուռքի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, և այս տարի հիմնական շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիական ոլորտի վրա:
Նախարար Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ նախարարությունը ստեղծվել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, ինչպես նաև թվայնացման և ռազմաարդյունաբերության զարգացման համար:
«Այս ծրագրով մենք, ըստ էության, ևս մեկ քար ենք դնում «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի իրականացման գործում: Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակ կա, և սա ապահովելու համար մենք ունենք մրցակցային առավելություն՝ հայկական սփյուռքի հայրենակիցների գոյությունը և աջակցությունը»,-նշել է նախարարը:
Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև, որ «ՆերՈւժ» ծրագիրը կնպաստի նախարարության գլխավոր նպատակներից մեկին՝ տաղանդի արտահոսքը կանխելուն և ներհոսքը խթանելուն։
«ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրն այս տարի դեկտեմբերին կանցկացվի 2-րդ անգամ՝ յուրահատուկ հարթակ դառնալով Հայաստանի և Սփյուռքի ստարտափների համագործակցության, կայացման և կապերի ստեղծման համար։
Ծրագրի մեկնարկը տրվել է անցած տարի։ Մասնակցել են 27 երկրների 71 ստարտափ գաղափար ներկայացնող 127 մասնակիցներ։ Հաղթող են ճանաչվել 9 ստարտափներ՝ ստանալով դրամաշնորհներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։