Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 28-ին վարչապետի տիկինն ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում։
Առաջին փոխքաղաքապետ Անտոնի Բորրեն, ողջունելով Աննա Հակոբյանի այցը, հայտնել է, որ քաղաքապետ, պատգամավոր, Նիցցայի Մետրոպոլիսի նախագահ Քրիստիան Էստրոզին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ նշելով, որ այդ բացակայության պատճառով փոխանցում է քաղաքապետի ներողությունը, ապա վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները նոր շունչ են հաղորդում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին։
Փոխքաղաքապետ Բորրենը իր ելույթում նշել է, որ թեև Նիցցան ու Երևանը քույր քաղաքներ են, սակայն Նիցցայի ամուր կապը Հայաստանի հետ հաստատվել է 1988 թ. երկրաշարժից հետո։
«Նիցցայի հայկական համայնքը մեր պարծանքներից մեկն է, որովհետև հայ բնակիչները, լինելով Ֆրանսիայի լիարժեք և օրինապաշտ քաղաքացիներ, պահպանում են իրենց հայկական արժեքները, արմատները, ինչի վառ ապացույցը Պարսամյան դպրոցն է»,- ընդգծել է առաջին փոխքաղաքապետը՝ առանձնահատուկ շեշտելով հայ համայնքի ներկայացուցիչներ SOS-Armenie Cote d’Azur ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատի և Պարսամյան համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի հետ համագործակցության կարևորության մասին։
Փոխքաղաքապետի խոսքով՝ վերջինների հետ համագործակցությունը սկսվել է 1988 թ. երկրաշարժից հետո, և նրանց միջոցով Նիցցան բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, և դրանք վստահաբար շարունակվելու են։
Անտոնի Բորրենը հավելել է նաև, որ իրենք բարձր են գնահատում կոռուպցիայի վերացմանն ուղղված վարչապետ Փաշինյանի ջանքերը, և նրա ընտրվելուց հետո ակներև է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը։
Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաև Սիմյե հիվանդանոցի բժիշկ, պրոֆեսոր Պիեր Մարտինին՝ պատմելով, որ դեռևս 2005 թ. Նիցցայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Հայաստան, եղել Գյումրիում, քաղաքային հիվանդանոցներից մեկին բժշկական սարքավորումներ նվիրաբերել։
Վարչապետի տիկինն իր ելույթում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շեշտել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն օրինակելի են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, դիվանագիտական, կրթական, մշակութային, առողջապահական։
«Կարծում եմ՝ Կոդ դ’Ազուրի շրջանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու մեծ ներուժ կա հատկապես զբոսաշրջային փորձի փոխանակման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որոնք Հայաստանում ևս սրընթաց զարգացում են ապրում: Լիահույս եմ, որ Նիցցայի արևասեր բնակիչները նոր փորձառություններ և հարուստ տպավորություններ կունենան Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրելիս»,- ընդգծել է Հակոբյանը։
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը Նիցցայի հայ համայնքի հանդեպ հատուկ հոգածության համար։
«Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, իրապես լինելով Նիցցայի օրինապաշտ քաղաքացիներ, ամուր կապված են նաև իրենց հայրենիքին, լեզվին, պատմությանը: Նրանք Հայաստան-Նիցցա կամուրջն են, որը, վստահ եմ, կամրանա նոր նախաձեռնություններով և արդյունավետ հանդիպումներով»,- եզրափակելով ելույթը՝ Աննա Հակոբյանը Նիցցայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին և հանդիպման մասնացիներին հրավիրել է Հայաստան։
Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը այցելել է քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման համար ստեղծված պուրակ։
Հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով՝ Նիցցայի ամենակենտրոնական հրապարակներից մեկում գտնվող պուրակը դարձել է համայնքի յուրահատուկ հավաքատեղին, իսկ Նիցցայի քաղաքապետարանը այն առաջիկայում հիմնանորոգելու է։