Կեղծ ներդրումներ և խոշոր հափշտակումներ. ոստիկանությունը բացահայտում է նոր հանցավոր սխեմա
Անցած տարվա ընթացքում ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործում են հատուկ կահավորված զանգերի կենտրոններ, որոնք զբաղվում են խարդախ ներդրումային սխեմաներով։ Կենտրոնների աշխատակիցները, ներկայանալով կեղծ անուններով, համացանցային զանգերի միջոցով այլ երկրներում բնակվող անձանց առաջարկում են շահավետ ներդրումներ իրենց իսկ պատրաստած կեղծ հարթակներում։ Օգտագործելով հեռահար հասանելիության ծրագրային ապահովում՝ նրանք հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք էլ ապա փոխարկում են տարբեր կրիպտոարժույթների։
Դժվարին հետաքննություն և խնամքով պլանավորված գործողություն
«Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունների ուսումնասիրությամբ հաջողվեց պարզել, թե իրականում ովքեր են թաքնված հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունների հետևում։ Սակայն բացահայտման ավարտական գործողությունն իրականացնելուն դեռ պետք էր պատրաստվել: Ի վերջո, բացահայտումից ու ձերբակալումներից հետո հարկավոր է նաև ապահովել ապացուցողական բազա, իսկ նման դեպքերում դա ամենաբարդ գործն է»,- ներկայացնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը:
Հանցավորների նախազգուշական միջոցառումները և իրավապահների գործողությունները
Հանցավոր կազմակերպությունների անդամները, իրենց գործունեությունը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով, հարկային մարմիններում գրանցվել էին որպես ծրագրային ապահովման և մանրածախ առևտրի ոլորտում գործող կազմակերպություններ: Գրասենյակային տարածքներում առկա համակարգիչներն օգտագործվում էին հեռահար հասանելիությամբ՝ չեզոքացնելով համակարգիչներում ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տվյալների պահպանման ռիսկը։ Հաշվի էր առնվել նաև անակնկալ խուզարկության հնարավորությունը. ապացուցողական տվյալները ոչնչացնելու նպատակով ձեռք էին բերել տարաբնույթ անվտանգության համակարգեր, նաև կիրառել հատուկ համակարգչային ծրագրեր, որոնց միջոցով կարելի է անմիջապես ոչնչացնել համակարգչում եղած էլեկտրոնային տվյալները։
Հունվարի 31-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից միաժամանակյա անսպասելի խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի՝ գրասենյակային նշանակության տարածքներում։ Արդյունքում հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, որ վերոնշյալ անձանց խումբն իրականացնում է ենթադրյալ հանցավոր գործունեություն։
Համագործակցություն միջազգային իրավապահ մարմինների հետ
Այժմ ոստիկանությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական երկրների իրավապահ մարմինների հետ՝ հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով։
