Ինձ հայտնի տեղեկատվությունը ներկայացրել եմ համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք տան իրավական գնահատական: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթի առնչությամբ քրեական գործի մասին լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հայտարարություններին։
«Եթե կա գործում որևէ հիմք ինչ-որ մեկին մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը հանելու կամ գնահատական տալու գործողություններին, ապա դրանով զբաղվում են համապատասխան մարմինները: Ես չեմ ուզում մտնել այդ քրեադատավարական գործընթացների մեջ: Ինչ վերաբերում է իմ կողմից կեղծ ցուցմունք տալուն, ես կարծում եմ, որ կարելի է իմ տված ցուցմունքները կա՛մ ստուգել, կա՛մ եթե վստահ են, որ ես կեղծ ցուցմունք եմ տվել, դրան նորից տան իրավական գնահատական՝ մեր երկրի օրենքներով նախատեսված իրավական պրոցեսներով»,-նշեց նա:
Հարցին՝ Դավիթ Սանասարյանը կասկածներ ունի, որ Թորոսյանի և Ադյանի ցուցմունքները մի սենյակում են գրվել, առողջապահության նախարարը պատասխանեց. «Ի՞նչ ասիք, Ադյա՞ն, ես էդ մարդուն անձամբ չեմ ճանաչում: Ես տեղյակ չեմ, թե նա ինչ ցուցմունք է տվել: Չգիտեմ ինչի մասին է խոսքը: Եթե որևէ գործողության կամ որևէ հայտնի ինֆորմացիայի մասին տրվել են նմանատիպ ցուցմունքներ, դա նույնպես հիմք է գործը քննող մարմինների կողմից հաշվի առնելու ապագայում իրենց որոշումները կայացնելիս»:
Դիտարկմանը, որ Դավիթ Սանասարյանն ասում է, որ այդ փաստերից ոչ մեկը չի ապացուցվել, Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Դա իմ խնդիրը չի, եթե ես ինձ հայտնի տեղեկատվություն եմ ներկայացրել, ապա ապացուցման բեռը իրավապահ մարմիների վրա է և ոչ թե իմ»:
Հարցին՝ ինքը մտավախություն չունի, որ իր ցուցմունքները կարող են ստուգվել և ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերել, նա պատասխանեց. «Ոչ թե մտավախություն չունեմ, դա նորմալ գործընթաց է, որ ցանկացած իրավական պրոցեսի ժամանակ տեղեկատվությունը բազմակողմանիորեն պետք է ստուգվի: Իմ ցուցմունքները կեղծ չեն և հիմնված են միայն իմ տիրապետած ինֆորմացիայի վրա»:
Դավիթ Սանասարյանի հայտարարությանը, որ կարեկցում է Թորոսյանին և որ հանցակազմ կա նրա գործողություններում, Թորոսյանը. «Եթե ՀՀ որևէ քաղաքացի կամ ոչ քաղաքացի կարծում է, որ որևէ մեկի գործողություններում կա հանցակազմ, նա կարող է դիմել իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար: Անձնական դաշտ չէի ուզենա մտնել, որովհետև ի տարբերություն իրեն, ես իրեն չեմ կարեկցում, հակառակը, կարծում եմ, որ նա պետք է հետևություններ անի վերջին առնվազն կես տարվա գործողություններից՝ իր ապագան պլանավորելու գործում»:
Սանասարյանի այն հայտարարությանը, որ ինքը տեղյակ է եղել, որ ՊՎԾ աշխատակիցը ներգրավված է այդ գործընթացում, նա չցանկացավ մեկնաբանել. «Չեմ ցանկանում ասուլիսը դատական պրոցեսի վերածել։ Սա իրավական պրոցես է, գործով անցնող անձինք եթե կարծում են՝ իրենց իրավունքները խախտվել են, կարող են դիմել իրեն իրավունքների վերականգնման համար»։
Հարցին՝ եթե դատախազությունը, քննչական մարմիններն ապացուցեն, որ, այնուամենայնիվ, Դավիթ Սանասարյանն անմեղ է, ինքը դրանից հետևություններ կանի՞ և հրաժարական կտա՞, Թորոսյանը պատասխանեց. «Ես ամեն օր հետևություններ եմ անում։ Հրաժարականի մասին հետևություններ էլ անում եմ ամեն օր, չեմ սպասի իրեն»: