fbpx
Առողջապահություն

Ի՞նչ առասպել է հերքվել ալկոհոլի մասին

Հավանաբար բոլորն են լսել ավանդական այն կարծիքը, որ օրական մեկ բաժակ գինին օգտակար է առողջության համար։ Խնդիրն այն է, որ այս դատողությունը հիմնված է սխալ գիտական ​​հետազոտությունների վրա, ասվում է նոր զեկույցում, որը հրապարակվել է Journal of Studies on Alcohol and Drugs-ը:

Տարիներ շարունակ հետազոտություններում կարծիք է հայտնվել, որ մարդիկ, որոնք չափավոր քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, ավելի երկար են ապրում և սրտանոթային հիվանդությունների և քրոնիկական այլ հիվանդությունների զարգացման ավելի ցածր հավանականություն ունեն, քան նրանք, ովքեր հրաժարվում են ալկոհոլից, հայտնում է «Научная Россия» պորտալը։ Սա ազդակ է դարձել այն համոզմունքի տարածմանը, որ չափավոր քանակությամբ ալկոհոլը կարող է առողջությունը խթանող միջոց լինել: Սակայն ոչ բոլոր ուսումնասիրություններն են նման լավատեսկան պատկեր ներկայացնում. նոր վերլուծությունը լույս է սփռում դրա պատճառների վրա:

Հետազոտությունները, որոնք ոգելից խմիչքի չափավոր օգտագործումն օգտակար են համարում առողջության համար, հիմնարար թերություններ ունեն, ասում է Վիկտորիայի համալսարանի հոգեակտիվ նյութերի օգտագործման հետազոտությունների ինստիտուտի գիտնական Թիմ Սթոքվելը:

Հիմնական խնդիրը հետևյալն է. այս ուսումնասիրությունները վերաբերել են տարեց մարդկանց և հաշվի չի առնվել ողջ կյանքի ընթացքում խմելու սովորությունը: Հետևաբար, չափավոր խմողները համեմատվել են «խուսափողների» և «երբեմն խմողների» խմբերի հետ, որոնցում տարեց մարդիկ են ներգրավված, որոնք դադարել են խմել կամ նվազեցրել են ալկոհոլի չափաբաժինը տարբեր հիվանդությունների զարգացման պատճառով: Նրանց համեմատ, մարդիկ, որոնք շարունակել են խմել, շատ ավելի առողջ տեսք են ունեցել։ Իսկ այս դեպքում արտաքին տեսքը խաբուսիկ է։

Իրենց վերլուծության համար Սթոքվելը և նրա գործընկերները ուսումնասիրել են 107 հրապարակված հետազոտություն, որոնք ժամանակի ընթացքում հետևել են մարդկանց և ուսումնասիրել խմելու սովորության և կյանքի տևողության միջև կապը: Համադրելով բոլոր տվյալները՝ նրանք պարզել են, որ հետազոտության ընթացքում մահանալու վտանգը 14%-ով ավելի ցածր է եղել թեթև և չափավոր ալկոհոլ օգտագործողների մոտ (այսինքն՝ նրանք, ովքեր շաբաթական մեկից երկու բաժակ են խմել), քան խուսափողների մոտ:

Սակայն ամեն ինչ փոխվել է, երբ հետազոտողները խորացել են խնդրի ուսումնասիրության մեջ: Գտնվել են մի քանի «ավելի բարձրորակ» ուսումնասիրություններ, որոնք վերաբերել են համեմատաբար երիտասարդ (մինչև 55 տարեկան) մարդկանց և որոնցում խմելը դադարեցրած և պարբերաբար խմող մարդիկ չէին դիտարկվել, որպես «խուսափողներ»։ Այս հոդվածներում ալկոհոլի օգտագործումը կապված չի եղել կյանքի տևողության երկարելու հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ