Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Դավոսում

Դավոսի համաժողովը ոչ թե պայմանագրեր կնքելու, այլ գաղափարներ քննարկելու և քաղաքական ու գործարար առաջնորդների հետ հանդիպելու տեղ է, ինչի համար էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ: Այս մասին ինքը՝ Փաշինյանը, բացատրել է ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում: Նա բացահայտել է այդ գաղափարներից մեկը:

Փաշինյանի խոսքով՝ կա ցանկություն մեծ «Մարիոթ» հյուրանոց կառուցել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ, բայց այդ ընկերությունը երբեք չի կառուցում շենք ու չի գնում անշարժ գույք, հետևաբար՝ պետք է գտնել ներդրող, ով «Մարիոթի» հետ համաձայնեցված շինարարություն կիրականացնի ու վարձով կտրամադրի շինությունները, որպեսզի ընկերությունն այնտեղ հյուրանոցային բիզնես սկսի:

Վարչապետը նշել է, որ սա դեռ ծրագրային փուլում չէ, սա դեռ գաղափար է, և հենց այսպիսի գաղափարներ են քննարկվել Դավոսի հանդիպումների ընթացքում: Ըստ Փաշինյանի՝ այդպիսի հանդիպումներ ու քննարկումներ անցկացվել են նաև ռուսաստանցի գործարարների հետ, և դրանցից մեկն էլ ՎՏԲ բանկի հետ Թեղուտի հանքավայրի վերաբերյալ բանակցություններն են, որոնց մասին Փաշինյանը խոսել էր ավելի վաղ: Նրա խոսքերով՝ արդյունքը պետք է լինի հանքի վերագործարկումը:

Ոչ ռուսական ընկերություններից Փաշինյանը նշեց նաև eBay և Siemens ընկերությունները, որոնց ներկայացուցիչների հետ քննարկումներ են եղել Դավոսի համաժողովի ընթացքում:

Հաղորդում է shantnews.am-ը։

Ամենաթարմ