Կորոնավիրուսը գրոհում Է ամբողջ օրգանիզմի վրա, այդ թվում՝ նա կարող է վնասել սրտամկանը, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան բժիշկ Զաուրբեկ Շուգուշևը:
Այն հիվանդի վիճակը, որի սիրտը տուժել է COVID-19-ից, նման է տարածուն ինֆարկտ տարած մարդու վիճակին, ասել է բժիշկը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը կարող է «ուղղակիորեն վնասող ազդեցություն» ունենալ սրտամկանի վրա:
Ընդ որում, ինֆեկցիայի ծանր հետևանքները հաճախ ի հայտ են գալիս արդեն հետքովիդային սինդրոմի ժամանակ:
«Հետքովիդային սինդրոմի դրսևորումներից մեկն այն է, երբ մարդկանց մոտ սրտի անբավարարություն Է առաջանում միակարդիտով (սրտամկանի բորբոքում) հիվանդանալու հեևանքով: Այդ դեպքում հիվանդը գտնվում է այն նույն վիճակում, ինչ տարածուն ինֆարկտից հետո»,- նշել է Շուգուշևը:
Նման հիվանդների համար կանխատեսումը ողբերգական է, նրանց կյանքի տևողությունը կազմում Է ընդամենը հինգ տարի, կարծում է սրտաբանը:
«Ցավոք, նման հիվանդների կյանքի միջին տևողությունն ընդամենը հինգ տարի է: Սրտի անբավարարությունը, ըստ կանխատեսման, կապում են մոտավորապես թոքերի քաղցկեղի հետ, այսինքն այդ ախտորոշումներով մարդիկ կյանքի նույն տևողությունն ունեն ախտանշանների ի հայտ գալուց մինչև մահը»,-պարզաբանել է նա: Ո՛չ ռուսաստանցի, ո՛չ արտասահմանցի գիտնականներն առայժմ չեն պարզել, թե որ գործոններն են սրտի անբավարարության հանգեցնում հետքովիդային սինդրոմի դեպքում: Համենայն դեպս, ռիսկի աստիճանը կախված չէ հիվանդի տարիքից, ճշտել է բժիշկը:
«Առայժմ մենք չենք կարող ասել, թե ինչու է վնասվում սրտամկանը COVID-19-ից հետո: Մենք հսկում ենք և երիտասարդ, և տարեց հիվանդներին, որոնց սրտամկանը վնասվել է կորոնավիրուսով հիվանդանալուց հետո. որևէ շտկում հայտնաբերել չենք կարող ո՛չ մենք, ո՛չ աշխարհում»,-հավելել է Զաուրբեկ Շուգուշևը ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում:
Սիրտանոթային համակարգը կարելի է կորոնավիրուսով ախտահարվելուց պաշտպանել պատվաստման օգնությամբ: Ներարկումը կօգնի թեթեւ տանել վարակը, հիշեցրել է բժիշկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: