fbpx
Աշխարհ

Ի՞նչ իրավիճակ է Մոսկվայում, ի՞նչ հայտարարություններով են հանդես եկել Պուտինը և Պրիգոժին

«Վագներ» ռազմականացված ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին:

«Ռազմական առաքելություն իրականացնող ինքնաթիռներն առանց խնդիրների հեռանում են, նույնը սանիտարականների դեպքում է: Մենք ընդամենը վերահսկում ենք, որպեսզի գրոհային ինքնաթիռները հարվածներ հասցնեն ոչ թե մեր, այլ ուկրաինացիների ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Պրիգոժինը պահանջել է հանդիպում Շոյգուի ու Գերասիմովի հետ: Պահանջի չկատարման դեպքում խոստացել է շարժվել դեպի Մոսկվա։

Այս պահին Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում, ճանապարհներին լրացուցիչ հսկողություն է մտցվել։ Այս մասին այսօր հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Քաղաքի բնակիչները հաղորդում են փողոցներում զրահամեքենաների տեղաշարժի մասին։ Բացի այդ, զրահամեքենաներ են նկատվել նաև Դոնի Ռոստովում քաղաքում, մի քանի կենտրոնական փողոցներ փակվել են:

Հունիսի 23-ին «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը տարբեր հայտարարություններով էր հանդես եկել՝ մեղադրելով Պաշտպանության նախարարին նախագահին խաբելու մեջ, և ասելով, որ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել նրա և գլխավոր շտաբի պետի դեմ։

Արդեն երեկոյան ՄՌԿ Վագների ղեկավարը հայտարարել է, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել և իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման մեջ մեղադրել է ՌԴ ՊՆ-ին և ասել, որ իրենք 25,000 զինվորներով գալիս են «վերականգնելու արդարությունը»: ՌԴ ՊՆ-ն հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։

Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և «ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»։

Պուտինը զինված խռովության հետ կապված իրավիճակն անվանել է հարված երկրի ու ժողովրդի թիկունքին:

Պուտինը նաև նշել է, որ Ռոստովում փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական վարչության աշխատանքը: Զինված ուժերը և պետական այլ մարմիններ ստացել են անհրաժեշտ հրամաններ, այժմ հակաահաբեկչական բնույթի լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում Մոսկվայում, Մոսկվայի շրջաններում և մի շարք այլ շրջաններում։

Պուտինն իր ուղերձում հայտարարել է, որ որպես Ռուսաստանի քաղաքացի ամեն ինչ անելու է երկիրը պաշտպանելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ