Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջեց հստակ պատասխան տալ ԼՂ հակամարտությանը առնչվող մի շարք հարցերի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուբինյանը պահանջեց ընդդիմությունից հստակ պատասխանել, թե ի՞նչ կարգավիճակ են ունեցել Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարության համար ԼՂԻՄ-ի շուրջ շրջանները՝ Սանասարը, Կովսականը, Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան։
«Արձանագրված փաստ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին բանակցել են նշյալ շրջանները Ադրբեջանին հանձնելու շուրջ։ Բնականաբար, ոչ միայն դրա մասին են բանակցել, այսինքն` դա եղել է կոմպոնենտ տարբեր փաթեթների և փուլերի, բայց դա եղել է կոմպոնենտ։ Երբ ձեզանից շատերը, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ասում են, օրինակ՝ «դուք հանձնել եք հայրենիքի 75 տոկոսը», հարց է առաջանում՝ արդյոք դա նշանակում է, որ դուք դա համարում եք Արցախի կամ հայրենիքի մաս։ Եվ եթե տրամաբանորեն դա է նշանակում է, ապա ինչպե՞ս են, պարոն Մինասյան, («Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան –խմբ․)․ ձեր կոալիցիոն գործընկերները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, բանակցել հայրենիքի որոշակի տոկոս հանձնելու շուրջ։ Արդյոք դա նշանակում է, որ իրենք պոտենցիալ հողատու էին ձեր տրամաբանության մեջ։ Այստեղ է ամբողջ խնդիրը, պետք է կողմնորոշվել ի վերջո»,- ընդգծեց Ռուբինյանը։
Ռուբինյանը պահանջեց ընդդիմադիրներին նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցերին․
«Առաջինը՝ ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանները ի՞նչ եք համարել, ի՞նչ եք համարում և ինչո՞ւ են ձեր քաղաքական ուժերի ղեկավարները բանակցել այդ շրջանների հանձնման շուրջ այլ կոմպոնենտների շրջանակներում։ Երկրորդը՝ եթե 2020 թվականի նոյեմբերին լինեիք իշխանություն, հարց՝ ի՞նչ կանեիք, հնարավորինս շուտ կստորագրեի՞ք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, երբեք չէի՞ք ստորագրի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թե ի՞նչ»,- եզրափակեց Ռուբինյանը։
Աղբյուրը՝ armenpress.am