fbpx
Իրավական

Ի՞նչ կփոխվի վեթինգի արդյունքում, ինչ մենք հիմա չենք անում. Ռուզաննա Ազրոյան

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը մայիսի 24-ին Ազգային ժողովի Անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ երկու հարց ուղղեց ՀՀ իրավաբանների ասոցեացիայի նախագահ Կարեն Զադոյանին.

«Վեթինգի տարրերից մեկն է գույքի հայտարարագրումը: Ինչպես նշեցիք՝ դատավորները ներկայացնում են հայտարարագրեր: Ցանկալի է հասկանալ տարբերությունը. ի՞նչ է փոխվելու վեթինգի շրջանակներում, այն ինչ մենք հիմա չենք անում: Եթե մենք չունենք հիմա համապատասխան մարմին կամ լծակներ, որոնք որ մեր հայտարարագրերը  պետք է բազմակողմանի ուսումնասիրեն, ստուգեն, դա այլ հարց է: Այսինքն՝ դատավորներին կամ այլ պաշտոնատար անձանց դա պետք է չառնչվի: Դրա համար կուզենամ տարբերությունը հասկանալ. ի՞նչ կփոխվի վեթինգի արդյունքում:

Եվ երկրորդ՝ ավելի կարևոր մասը. մենք հիմնականում խոսում ենք անցումային արդարադատություն ներդնելու, վեթինգ իրականացնելու մասին, իսկ հնարավոր հետևանքների և անկնալվող արդյունքների մասին շատ քիչ ենք խոսում: Վեթինգի արդյունքում, եթե իրականացվելու է գնահատում (դատավորների գնահատման արդյունքում պարզվեց, որ որոշ դատավորներ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին), ինչպե՞ս ենք համադրելու այդ թափուր տեղերը: Արդեն երկրորդ անգամ արտահերթ քննություններ են անցկացվում դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու համար, սակայն նվազագույն շեմը առաջին փուլում հավակնորդների մեծ մասը չի հաղթահարում: Այսինքն՝ մենք մեծ բաց ունենք: Արդյո՞ք այն դատավորները, որոնք կհամապատասխանեն իրենց պաշտոնին, պետք է գերծանրաբեռնված շարունակեն աշխատել», – ասաց նա:

Կարեն Զադոյանը նախ պատասխանեց առաջին հարցին: Նա նշեց, որ շատ կարևոր հարց է բարձրացվում, ապա հավելեց. «Վեթինգի ամենակարևոր արդյունքը հանրային վստահելիության բարձրացումն է, դրանից բխող դատական անկախության և արդյունավետության բարձրացումն է, այսինքն՝ լիարժեք դատական իշխանության իրականացումը: Սա ամենակարևոր արդյունքն է, որ ակնկալվելու է այս գործընթացից: Նաև նշեցի, որ վեթինգը պետք է շաղկապված լինի դատաիրավական խորը բարեփոխումների հետ և այդ թվում դատարանների մուտքը ապահովող մեխանիզմների և գործիքակազմերի բարեփոխումների հետ: Երբ այդ վստահելիության միջավայրը կձևավորվի, կլինեն թափանցիկ բարեխիղճ մրցույթներ: Վստահ եղեք՝ այդ դատավորների տեղերը զբաղեցնողներ կգտնվեն:

Հայտարարագրերի մասով, խոսքը վերաբերում է ներկայացված հայտարարգրերի աղբյուրների օրինականության ապացուցմանը, այդ բեռին: Այսինքն՝ դատավորները իրենք պետք է շահագրգռված լինեն, որ այն ինչ ներկայացրել են օրինական է: Մի քանի օր է՝ տարբեր կայքեր հրապարակում են դատավորների հայտարարգրերը՝ ահռելի գումարների, ունեցվածքի մասին: Ես դեռ այնպիսի դեպք չգիտեմ, որ որևէ դատավոր ինքը հանրությանն ասի, որ այս միջոցները օրինական են, և ներկայացնի ապացույցներ: Դրա համար ասում եմ՝ էսօր բացառիկ մարդասիրական միջանցք կա: Կներկայացնեն, վեթինգի պրոցեսը ավելի շուտ կանցնեն, հանրային վեթինգ կանցնեն,  ավելի արագ կանցնեն պաշտոնավարմանը: Չեն ներկայացնի, ուրեմն էլի մարդասիրական միջանցք կա. էսօր կարում են հրաժարականների միջոցով լքել դատական համակարգը», – արձագանքեց Զադոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ