fbpx
Սպորտ

Ինչ նախատեսել էինք, արել ենք Իսրայելում․ Հակոբ Սերոբյան

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի՝ Իսրայելի բաց առաջնությունում ելույթներից:

ArmSport.am-ի հետ զրույցում Հակոբ Սերոբյանն ասել է, որ մեր մարզիկներն արել են այն, ինչ նախապես ծրագրել էին: Հիշեցնենք, որ օղակների վարժության չեմպիոն է դարձել Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, իսկ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժությունում արծաթե մեդալ է նվաճել:

«Առաջնությանը մասնակցում էին 6 երկրի մարմնամարզիկներ: Իսրայելի մարմնամարզության ֆեդերացիան միայն ուժեղագույններին էր հրավիրել՝ Եվրոպայի չեմպիոններ, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ: Այս մրցաշարին պետք չէր ամբողջ ուժով պատրաստվել, դրա անհրաժեշտությունը չկար:

Շատ գոհ եմ և ուրախ, քանի որ ինչ նախատեսել էինք, արել ենք: Օղակների վրա Վահագնի մրցակիցները շատ հեռու էին իրենից: Նույնը կարող եմ ասել Արթուրի մասին: Սրանից ավելի լավ պետք էլ չէր հանդես գալ: Մեզ համար առաջնայինն Աշխարհի առաջնությունն է»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Աշխարհի առաջնության նախապատրաստական մարզումները կսկսվեն 10 օրից: Նախատեսվում է ուսումնամարզական հավաք անցկացնել Թբիլիսում: Հակոբ Սերոբյանը տեղեկացրեց, որ լինելու է համատեղ հավաք, որին առաջին անգամ կմասնակցեն նաև աղջիկները.

«Մեզ համար կարևոր է հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը: Նախատեսել ենք սեպտեմբերին համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել, որին կմասնակցեն նաև երիտասարդները: Բացի այդ, առաջին անգամ ընդգրկել ենք աղջիկների: Համատեղ հավաք անցկացնելը հնարավոր դարձավ, քանի որ աշխարհի առաջնության ծախսերն ընդունող երկիր Գերմանիան վերցրել է իր վրա. մեզ մոտ գումար է առաջացել, որը կարող ենք այսպես օգտագործել:

Փորձը ցույց է տալիս, որ համատեղ հավաք անցկացնելը շատ լավ է: Օրինակ՝ Եվրոպական խաղերի նախապատրաստական հավաքին ընդգրկել էինք Արթուր Ավետիսյանին, որը չեմպիոն դարձավ համաշխարհային Ուսանողական խաղերում»:

Աշխարհի առաջնությամբ մեր մարմնամարզիկների համար մրցումային տարին չի ավարտվի, սակայն սա ամենակարևոր ստուգատեսն է, քանի որ վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար.

«Նոյեմբերի վերջին էլ Գերմանիայում կանցկացվի աշխարհի գավաթը, որը ևս Օլիմպիական խաղերի համար որակավորման փուլ է: Հավանաբար, այս տարվա համար վերջին մրցաշարը դա կլինի»,- տեղեկացրեց մարզիչը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աշխարհի առաջնությանը մասնակցելու են Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ