fbpx
Քաղաքականություն

Ի՞նչ փոխըմբռնման մասին էր հայտարարել Էլմար Մամեդյարովը

Factor.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել է Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում փոխըմբռնման հասնելու մասին։

Factor.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեց պարզել՝ ի՞նչ փոխըմբռնման մասին է հայտարարել Ադրբեջանից ԱԳՆ ղեկավարը: Ի պատասխան՝ ԱԳՆ-ն պարզաբանում է հրապարակել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնման է հասել: Ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը:

Պատասխան. Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»:

Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ:

ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում, որը նույնպես հրապարակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է այդ հայտարարությանը՝ ընդգծելով, որ անշուշտ ոգևորիչ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ և ընդունել հնգակողմ հայտարարություն: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ:

Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ