Չպատվաստված կամ քովիդի դեմ չթեստավորված քաղաքացուն հանրային սննդի վայր թույլատրելու դեպքում տնտեսվարողն է տուգանվելու 100 հազարից մինչև 300 հազար դրամ: «Վերահսկողությունն իրականացնելու ենք մշտադիտարկումների շրջանակում, որոնք իրականացվում են վերջին երկու տարիների ընթացքում: Բացառապես տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ է լինելու տուգանքը: Տնտեսվարողը պետք է QR կոդի միջոցով ստուգի՝ արդյոք քաղաքացին պատվաստվա՞ծ կամ թեստավորվա՞ծ է քովիդի դեմ, նոր այդ դեպքում թույլ տա մուտքը հանրային վայրեր»,- Հայկական ժամանակի հետ զրույցում ասել է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։
Իսկ թե ինչպես է տեսչական մարմինը հասկանալու՝ արդյոք տնտեսվարողը պահե՞լ է համապատասխան պահանջը, այսինքն՝ մուտքը հանրային սննդի վայրեր թույլատրել է միայն քովիդի դեմ պատվաստված և թեստավորված անձանց, Դանիելյանն ասել՝ այդ հարցում իրենց օգնելու է ոստիկանությունը:
«Դա մեզ համար մի փոքր բարդ է լինելու, բայց իրականացնելու ենք ոստիկանության հետ, քանի որ միայն ոստիկանությունն իրավունք ունի ստուգել՝ արդյոք քաղաքացիների մոտ առկա՞ են համապատասխան փաստաթղթերը, թե՞ ոչ: Բացի դրանից, միայն ոստիկանությունն իրավունք ունի կիրառել պատասխանատվության միջոցներ քաղաքացիների շրջանում, և եթե մենք ֆիքսենք, որ հաճախորդին տնտեսվարողը թույլ է տալիս ներս մտնել առանց համապատասխան փաստաթղթերի, ապա կկիրառենք տուգանք տնտեսվարողի նկատմամբ, բայց թե արդեն ներս մտած և նստած հաճախորդն արդյո՞ք ներս է մտել համապատասխան փաստաթղթերի ստուգման դեպքում, թե՞ ոչ, այդ դեպքում ոստիկանությունն է մեզ օգնելու»,- ասաց Դանիելյանը: