Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ապրիլի 12-ի տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվող հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող նախագծերի զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանին դիմեց մի շարք հարցերով: Նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են իբրև սեփականատեր դիտարկում միայն ֆիզիկական անձին:
«Իրավաբանական անձին ինչո՞ւ չեք դիտարկում սեփականատերերի մեջ: Բացի այդ, այս մոդելը որտեղի՞ց է վերցված: Փաթեթն անցումային դրույթներով ուժի մեջ է մտնում 2019 թ. հուլիսի 1-ին, չունե՞նք առնվազն վեց ամսվա ժամկետ, որ սա կիրարկվի»,- հարցրեց պատգամավորը:
Բաղրամյանն ասաց, որ իրավաբանական անձի բացահայտումը կարող է չտալ այն սպառիչ տեղեկատվությունը, որն ուզում են հասկանալ սեփականատիրոջ վերաբերյալ:
«Կարող է՝ իրավաբանական անձը որոշակի օֆշորում գրանցված լինի, մենք հասնենք մինչև իրավաբանական անձը՝ որպես սեփականատեր, չկարողանանք իմանալ, թե ովքեր են սեփականատերերը, բաժնետոմսերի տերերը: Եթե նույնիսկ մի քանի իրավաբանական անձ կա, հասնել ամենավերջին իրավաբանական անձի՝ ֆիզիկական անձ հանդիսացող սեփականատիրոջը, որ ակնհայտ պարզ լինի, թե ով է այդ հանքի տերը»,- ասաց նա:
Բաղրամյանը տեղեկացրեց, որ փաթեթը հուլիսի 1-ից է ուժի մեջ մտնում, սակայն կարգավորումները կտրվեն նոյեմբերի 1-ից: