Հնդկաստանը մտնում է սեպտեմբերի 12-13-ին Նոր Դելիում անցկացվելիք BRICS-ի գագաթնաժողովի նախապատրաստման եզրափակիչ փուլ։ Սա ընդլայնված խմբավորման ամենաբարդ աշխարհաքաղաքական հանդիպումներից մեկն է լինելու։ Ըստ NDTV-ի և հնդկական դիվանագիտական աղբյուրների՝ գագաթնաժողովին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի մասնակցությունը։
Թեև պաշտոնական օրակարգը կենտրոնացած է «Կայունության, նորարարության, համագործակցության և կայուն զարգացման կառուցում» թեմայի, ինչպես նաև առևտրի ու միջազգային ֆինանսական ինստիտուտների բարեփոխման վրա, փակ դռների ետևում հիմնական քննարկումները ծավալվելու են Մերձավոր Արևելքի ճգնաժամի և հնդկա-չինական տարաձայնությունների շուրջ։
Նյութը պատրաստվել է ndtv.com-ի և chinaglobalsouth.com-ի հրապարակած տեղեկությունների հիման վրա։
Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը լուրջ սպառնալիք է պաշտոնական հայտարարության ընդունման համար։ BRICS-ն աշխատում է կոնսենսուսի պահպանման սկզբունքով, ինչը նշանակում է, որ ցանկացած երկիր կարող է արգելափակել փաստաթղթի ձևակերպումները։ Թեհրանը ձգտում է եզրափակիչ հայտարարության մեջ ներառել հստակ դատապարտող տեքստեր՝ ուղղված վերջին ռազմական հարվածներին և արևմտյան պատժամիջոցներին։ Նոր Դելին ստիպված է բարդ հավասարակշռություն պահպանել. Հնդկաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, սակայն միևնույն ժամանակ պահպանում է ավանդական կապերը Իրանի հետ և պաշտպանում Պարսից ծոցի երկրներում ապրող միլիոնավոր հնդիկ քաղաքացիների տնտեսական շահերը։
Միևնույն ժամանակ, լարվածություն է նկատվում նաև կազմակերպիչ երկրի և Չինաստանի միջև։ Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը մեկնել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ սահմանային հարցերով բանակցությունների 25-րդ փուլի շրջանակում։ Oգոստոսի 7-ին Հնդկաստանը հրապարակել էր նոր քարտեզ, որտեղ վերանվանվել էին Արանաչալ Պրադեշի 27 վայրեր, ինչին ի պատասխան Պեկինը շարունակում է ակտիվորեն զարգացնել սահմանամերձ G219 ավտոճանապարհը։ Reuters-ի տվյալներով՝ Հնդկաստանը պատրաստվում է նաև 1,2 միլիարդ դոլարի խրախուսման ծրագիր հատկացնել տեղական ծանր մեքենաշինությանը՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար։
Բազմավեկտոր արտաքին քաղաքականության պայմաններում Նոր Դելիի համար գլխավոր դիվանագիտական փորձությունը կլինի տարբեր շահեր ունեցող այս խմբավորմանը միասնական հայտարարության շուրջ համախմբելը։

