fbpx
Սպորտ

Ինձ Փյունիկի երկրորդ թիմ տեղափոխեցին, երբ ասացի, որ ինձ խաբված եմ զգում. Պետրոս Ավետիսյան

23-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, որն օրերս է «Փյունիկից» տեղափոխվել «Արարատ-Արմենիա», գոլով է նշել նորամուտն իր նոր թիմի կազմում:

ArmSport-ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը պատմել է «Փյունիկից» հեռանալու պատճառների, արտասահմանյան ակումբներ չկայացած տեղափոխությունների և նոր մարտահրավերների մասին:

– Պետրոս, կխնդրեմ նախ պատմես «Փյունիկից» հեռանալու պատճառների մասին: Արթուր Սողոմոնյանը հայտարարեց, որ այլևս չէիր ցանկանում հանդես գալ իրենց ակումբում: Այդ մասին ի՞նչ կասես:

– «Փյունիկում» 2,5 հիանալի տարի եմ անցկացրել, շատ լավ հիշոողություններ ունեմ այդ ակումբի հետ կապված: Լեփ-լեցուն տրիբունայում Եվրոպա լիգայի հանդիպում անցկացնելը շատ մեծ փորձ էր ինձ համար: Բայց, ինչպես բոլորը, ես ևս ցանկացա կարիերայումս քայլ առաջ կատարել և ավելի բարձր մակարդակում խաղալ:Արտասահմանյան ակումբներում հանդես գալու մի քանի առաջարկ ստացա, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց տեղափոխությունը:

-Տեղեկություն կար, որ «Շկենդիան» և «Սլավիան» հետաքրքրված են քո ծառայություններով: Թուրքիայի հավաքի ընթացքում նրանց ներկայացուցիչները նույնիսկ հետևել են քո խաղին …

– Այո, գիտեմ, որ այդ երկու ակումբներից հստակ առաջարկ ունեի, այդ մասին Անդրեյ Տալալաևը ևս նշել էր, բայց չգիտեմ` ինչու չստացվեց: Նրանք ցանկանում էին պայմանագիր կնքել ինձ հետ, սակայն «Փյունիկի» հետ խոսելուց և նրանց պայմանները իմանալուց  հետո որոշվեց, որ պետք է գան իմ խաղը դիտելու, բայց ես բոլորին ասել էի, որ այդ խաղում ես ոչինչ չեմ կարող ցույց տալ կամ ապացուցել, քանի որ երկու ամսվա մեջ իմ առաջին խաղն էր լինելու ու իմ լավագույն մարզավիճակում չէի հանգստից հետո:

Արթուր Սողոմոնյանը նաև նշեց, որ ակումբը երբեք չի խոչընդոտել քո տեղափոխությանն արտասահման: Դու սա ինչպե՞ս կմեկնաբանես:

– Չեմ կարող ասել` խոչընդոտել է, թե ոչ: Բայց եթե հիշում եք «Զարյայի» գործադիր տնօրենն անցած տարի հարցազրույցներից մեկում նշել էր, որ «Փյունիկն» այնպիսի պահանջներ է ներկայացրել իմ տրանսֆերի համար, որոնք ընդունելի չէին իրենց համար:

Պարոն Սողոմոնյանն ասաց, որ չի խոչընդոտել, բայց չպատմեց, թե ինչպես էին «Զարյայի» առաջարկից հետո ինձ համոզում ևս վեց ամիս մնալ և օգնել եվրագավաթային ուղեգիր նվաճել: Հետո ինձ ասում էին, որ կարևոր չէ, թե ինչ է խոստացվել, կարևորն այն է, ինչ գրված է թղթի վրա:

Ես հասկանում եմ, որ պայմանագիր ունեի և հարգում էի այն: Ուղղակի նույնը կարելի է նաև էկրաններից ասել և ոչ թե բարի ժպտալ, ասել մեզ համար կարևոր է, որ մեր ֆուտբոլիստներն ավելի լավ առաջնություններ տեղափոխվեն, բայց իրականում փորձել հավերժ պահել ֆուտբոլիստներին:

Վերջին շրջանում էլ, երբ ասացի իրենց, որ ինձ խաբված եմ զգում, որ ամեն անգամ ձախողում են իմ տեղափոխության բանակցությունները, ինձ ուղարկեցին երկրորդ թիմ, իրենց հետ չտարան հավաքի և մամուլով հայտարարեցին, որ կարգապահական խախտում եմ թույլ տվել: Ամեն դեպքում, այդ ամենն արդեն անցյալում է: «Փյունիկն» ինձ հաջողություն է մաղթել, ես էլ նրանց եմ հաջողություն մաղթում:

Հիմա ես նոր ակումբ ունեմ. «Արարատ-Արմենիան» շատ ուժեղ թիմ ունի, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ ու այս կոլեկտիվի մի մասնիկն եմ կազմում: Կարծում եմ` «Արարատ-Արմենիայի» ներկայիս թիմը եվրոպական միջին առաջնության միջին թիմից եթե ավելի բարձր չէ, ապա հաստատ չի զիջում: Արտասահման տեղափոխվելը ցավոք չստացվեց, բայց «Փյունիկից» «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը նույնպես քայլ առաջ եմ համարում, քանի որ հիմա հնարավորություն ունեմ աշխատել այնպիսի մարզիչների հետ, որոնց օգնությամբ կարող եմ առաջընթաց գրանցել:

– «Արարատ-Արմենիայում» նորամուտդ գոլով նշեցիր: Ինչպե՞ս կմեկնաբանես «Արարատի» հետ խաղը ու ինչպե՞ս ես քեզ զգում նոր ակումբում:

– Ամեն ինչ շատ լավ է: Ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել ու որ տարին հաղթանակով սկսեցինք:

Ադապտացիան ընթացքի մեջ է: Աշխատել էի այս մարզիչների հետ ու մեր համագործակցությունը լավ էր ստացվել: Արդեն գիտեմ` նրանք ինչ ֆուտբոլ են դավանում: Ասեմ` ինձ շատ հոգեհարազատ է հենց կարճ և միջին փոխանցումներով ֆուտբոլը, որն էլ խաղում է «ԱրարատԱրմենիան»:

Ինձ շատ դուր է գալիս այդ թիմը: Կրկնում եմ` շա տուժեղ թիմ է հավաքված: Բոլոր մտքերս կապված են միայն «Արարատ-Արմենիայի» հետ: Ամեն ինչ պետք է անեմ, որ արդարացնեմ թիմի ղեկավարության, մարզչական շտաբի, ինչպես նաև երկրպագուների սպասելիքները: Ի դեպ, կցանկանամ շնորհակալություն հայտնել երկրպագուներին միշտ ինձ հետ լինելու համար:

– Ձմեռային դադարի ընթացքում «Արարատ-Արմենիան» իսկապես բավականին ուժեղացրեց կազմը: Ըստ քեզ թիմն ի՞նչ հավակնություններ ունի Հայաստանի ընթացիկ առաջնությունում:

– Ամեն ինչ մեզնից է կախված: Շատ լավ թիմ է հավաքվել: Հուսով եմ` այսօր սկիզբը դրեցինք այն մեծ ճանապարհի, որը պետք է անցնենք մեր լավ կոլեկտիվով:

– Ի՞նչը խթան հանդիսացավ ընտրությունդ հենց «Արարատ-Արմենիայի» օգտին կայացնելու համար:

– Ընկերներ ունեմ, ովքեր հանդես են գալիս այդ ակումբում, պատմում էին, որ այնտեղ ամեն-ինչ կարելի է ասել` իդեալական է, պրոֆեսիոնալ:

Մեծ դեր խաղաց նաև այն մարզչական շտաբը, որն աշխատում է «Արարատ-Արմենիայում»` Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Մեծ հույսեր եմ կապում այս ակումբի հետ ու ցանկանում եմ նպաստել վերջինիս հաջողություններին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ