Մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին, ասաց. «Ես ցավում եմ, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չընդունեց և մի քանի տարով հետ գցեց ԵՊՀ-ն: էն հետընթացը, որ կար ԵՊՀ-ում, ակներև է, և կարծում եմ` մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որովհետև ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ հետընթաց է ունեցել»
Նախարարը հավելեց. «Կարծում եմ, որ արժանապատիվ հեռանալը լավ բան է, այս դեպքում ես նման գործելաոճ չտեսա»:
Անդրադառնալով ռեկտորի այն խոսքին, որ ԵՊՀ 100-ամյակի առթիվ ոչ մեկը չի շնորհավորել՝ նախարարն ասաց. «Հերթական կեղծիքը»:
Նախարարը նշեց, որ ինքը շնորհավորել է մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնադրման որոշման կապակցությամբ, որ ընդունվել է 100 տարի առաջ:
«Արամ Սիմոնյանը և ԵՊՀ ամբողջ ղեկավարությունը շատ լավ գիտի, քանի որ իրենք են այդ որոշումները կայացրել, որ տոնակատարությունների մեծ և հիմնական մասը լիենլու է աշնանը, և հյուրերն են գալու, և միջոցառումների մեծ մասն է լինելու, այսինքն ուղերձները, շնորհավորանքները, մասնակցությունները լինելու են աշնանը», – պարզաբանեց նախարարը: