Իրանը հայտարարել է գերծանր բալիստիկ հրթիռների կիրառման մասին։ Ի՞նչ գիտենք դրանց մասին և ինչ առանձնահատկություններ ունեն դրանք։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Khorramshahr-4 բալիստիկ հրթիռին, որը «Խոռամշահր» հրթիռային շարքի չորրորդ սերնդի ներկայացուցիչն է։ Այն ներկայացվել է Իրանի պաշտպանության նախարարության կողմից և համարվում է երկրի առավել հզոր բալիստիկ համակարգերից մեկը։
Հրթիռի հայտարարված հեռահարությունը կազմում է մոտ 2000 կմ, իսկ մարտագլխիկի զանգվածը՝ շուրջ 1500 կգ, ինչը թույլ է տալիս այն դասել ծանր կամ գերծանր մարտագլխիկ կրող հրթիռների շարքին։
Khorramshahr-4-ը գործում է հիպերգոլիկ վառելիքով, որի դեպքում վառելիքն ու օքսիդիչը շփման պահին ինքնաբերաբար բռնկվում են։ Այս լուծումը պարզեցնում է շարժիչի աշխատանքը և բարձրացնում համակարգի հուսալիությունը։ Հրթիռը համալրված է կատարելագործված «Arvand» շարժիչով, որն ապահովում է բարձր արագություն և կայուն թռիչք։
Ըստ հրապարակված տվյալների՝ հրթիռի արագությունը կարող է հասնել մոտ 16 Մախի՝ մթնոլորտից դուրս, և շուրջ 8 Մախի՝ մթնոլորտի ներսում։ Բացի այդ, նշվում է, որ դրա մարտագլխիկը կարող է ուղղորդվել և կառավարվել թռիչքի միջին փուլում՝ մթնոլորտից դուրս, ինչը տեսականորեն մեծացնում է խոցման ճշգրտությունը։
Միևնույն ժամանակ, որոշ ռազմական վերլուծաբաններ ենթադրում են, որ հրթիռի հայտարարված 2000 կմ հեռահարությունը կարող է դիտավորյալ նվազեցված լինել, և դրա իրական հնարավորությունները կարող են ավելի մեծ լինել։
Khorramshahr անվանումը վերցված է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Khorramshahr քաղաքից, որը խորհրդանշական նշանակություն ունի երկրի համար։ Քաղաքը հատկապես հայտնի է Իրան-Իրաքյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած ծանր մարտերով և Իրանում հաճախ ներկայացվում է որպես դիմադրության խորհրդանիշ։

